Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
– Կխնդրեի, որ ավելի մանրամասն անդրադառնաք Սյունիքում տիրող իրավիճակին։ Ի վերջո, թշնամին ճանապարհներին մաքսակետեր տեղադրեց, անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այստեղից, կարծես, հերքում են, բայց իրականում ի՞նչ վիճակ ունենք։
– Ի դեմս Սյունիքում ստեղծված իրավիճակի՝ այսօր բավական լուրջ անվտանգային խնդիր ունենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կարեւոր նպատակներից մեկը Սյունիքով Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող միջանցք ունենալն է, որը թուրքական կողմն անգամ որպես նախապայման է առաջ քաշում՝ արդեն հայ-թուրքական հնարավոր գործընթացի շրջանակներում։
Ի դեպ, այսօր Անկարան ու Բաքուն այնքան անկաշկանդ են իրենց զգում Հայաստանի իշխանություններին պայմաններ թելադրելու հարցում, որ անգամ ՀՀ-Արցախ ճանապարհի կարգավիճակն են փորձում հավասարեցնել, իրենց տերմինաբանությամբ ասված՝ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակին, ինչը բացարձակ անընդունելի է։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ Սյունիքում եւ Սյունիքի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարության հետեւանքը չէր։ Հիշեցնեմ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Զորքերի տեղաշարժի եւ դիրքերի փոփոխության մեկ այլ լեգիտիմ հիմք կարող էր լինել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը, որը պարզապես չկար։ Եվ եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ստացվում է, որ Կովսականի ու Սանասարի՝ մեզ համար կարեւոր դիրքերը թշնամուն են զիջվել վերջինիս հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում։ Հենց սրանից հետո Սյունիքը հայտնվեց անմիջական սպառնալիքի ներքո։ Հենց սրանից հետո թշնամին ամիսներ անց արդեն մաքսակետեր տեղադրեց ու փաստացիորեն անհնար դարձրեց տեղի հայկական գյուղերի ազգաբնակչության տեղաշարժը։
Ի դեպ, հատկապես ուշագրավ է այն, որ երբ մեր զորքերը հետ քաշվեցին՝ Ադրբեջանին զիջելով վերոնշյալ կարեւոր դիրքերը, Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ նման որոշում կայացվել է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու նպատակով, այնինչ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Ավելի ուշ՝ այս տարվա նոյեմբերի կեսերին, ականատես եղանք թշնամու հերթական ագրեսիայի դրսեւորմանը Սյունիքի ուղղությամբ, որը, իրականում, երեւան հանեց մեզ համար անվտանգային կարեւոր նշանակություն ունեցող այլ խնդիրներ եւս։ Նախ, բանակի բարոյահոգեբանական վիճակն ու ծառայության համար առկա պայմանները։ Տեսեք՝ մենք մեկ տարի ժամանակ ունեինք մեր զինվորների համար պատշաճ պայմաններ ապահովելու, դիրքերը կահավորելու համար։ Բայց պետական միջոցները բանակի ուղղությամբ ծախսելու փոխարեն այս իշխանությունները նախընտրում են պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել եւ պարգեւավճարներ ստանալ, լրտեսական ծրագրեր գնել ու ընդդիմախոսներին գաղտնալսել եւ այլն, եւ այլն։
Մյուս կարեւոր խնդիրը, իհարկե, այն էր, որ հերթական անգամ բախվեցինք իրավիճակի, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականություն այսօր պարզապես չկա։ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան հերթական առիթն էր Բաքվի՝ ագրեսոր լինելու մասին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնելու, քննարկումներ ու բանաձեւերի ընդունումներ նախաձեռնելու, դատարաններ դիմելու համար։ Ոչինչ արդյունքում չունենք։ Անգամ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մեր անվտանգային համակարգը կազմող կառույցի՝ ՀԱՊԿ-ի հետ գործողությունների նախաձեռնումն ու պլանավորումը, մեղմ ասած, պատշաճ կերպով չիրականացվեցին։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում