Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Շառլ Միշելի խոսքում, ինչպես նաեւ ԱլԳ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, ընդհանրապես չկար Արցախի անունը, չկար ուղիղ հղում Մինսկի խմբի համանախագահությանն ու ձեւաչափին». «Հրապարակ»

Դեկտեմբեր 30,2021 10:19

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ

– 2021 թվականը դժվար տարի էր Հայաստանի եւ Արցախի համար։ Որո՞նք են այսօր մեր հիմնական խնդիրները, եւ ի՞նչ նոր մարտահրավերներ բերեց անցնող տարին։

– Դժվար է առանձնացնել ու խոսել միայն անցնող տարվա մասին, քանի որ այսօրվա իրավիճակն ուղղակի արդյունք է նաեւ պատերազմի ու հետպատերազմական զարգացումների։ Ընդհանուր առմամբ՝ այսօր բավական շատ խնդիրներ ունենք, որոնց, երեւի թե, կարիք ունենք առանձին-առանձին անդրադառնալու։

Հայաստանի համար արտաքին քաղաքական եւ անվտանգային կարեւորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցը։ Այստեղ պատերազմը նոր խնդիրներ բերեց՝ ի դեմս տարածքային կորուստների, զոհերի, փախստականների, չլուծված կարգավիճակի հարցի եւ այլն։ Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ Արցախի հարցը լուծված է, եւ, չհանդիպելով հայկական կողմի կոշտ արձագանքին, հաջողում է նաեւ այս թեզն ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։

Ի դեպ, ես այստեղ հատուկ ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ «հայկական կողմի արձագանք» ասելով չպիտի սահմանափակվենք միայն ԱԳՆ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով։ Մենք արդյունք կունենանք, եթե համապատասխան աշխատանք իրականացվի գործընկերների, միջազգային կազմակերպությունների եւ միջազգային հանրության հետ ընդհանրապես, որը, ցավոք սրտի, չի արվում։

Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները պիտի դադարեցնեն այն գործելաոճը, որն ուղղակիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի մոտեցումները եւ ջախջախում բանակցային գործընթացի ապագան։ Օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հանրաքվեի, հակամարտության կարգավորումը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու, Արցախում ադրբեջանցիների ինքնորոշման եւ այլնի մասին։

Հայաստանի իշխանությունների կեցվածքն ուղղակի ազդեցություն է թողնում միջազգային հանրության ընկալումների վրա։ Ես այստեղ կմեջբերեի բոլորովին վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի նախագահի ելույթից մի դրվագ, երբ եվրոպացի պաշտոնյան, խոսելով կոնֆլիկտի մասին, օգտագործում է «հաղթահարել» եզրույթը, եւ խոսք չկա կարգավիճակի մասին։ Ավելին, նույն Շառլ Միշելի խոսքում, ինչպես նաեւ ԱլԳ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, ընդհանրապես չկար Արցախի անունը, չկար ուղիղ հղում Մինսկի խմբի համանախագահությանն ու ձեւաչափին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ ռիսկեր է այս ամենը պարունակում։

Մյուս կարեւորագույն խնդիրը գերիների հարցն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակում է չլուծված մնալ։ Հումանիտար նշանակության այս խնդիրը, որն Ադրբեջանի համար նաեւ պայմանագրային պարտավորություն է՝ ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, շարունակում է քաղաքական շահարկումների ու առեւտրի առարկա դառնալ, ինչը պարզապես անընդունելի է։

Այս ամենին զուգահեռ, մենք տեսնում ենք նաեւ միջազգային հանրության կողմից հետպատերազմյան այս իրավիճակում արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված բավական մտահոգիչ տենդենցներ։ Այս իմաստով հատկապես ուշագրավ են վերջին հայտարարությունները՝ թե՛ եվրոպական խորհրդի նախագահի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների։ Այս փաստաթղթերում խոսք չկա Արցախի կարգավիճակի հստակեցման կարեւորության, Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի համար երկարաժամկետ ու կայուն անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ Սա, թերեւս, լավագույն ցուցիչն է նրա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը միջազգային հարթակներում։ Բնականաբար, սրա հիմնական պատճառն այն է, որ այս իշխանությունները պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են, եւ աշխարհն էլ է նրանց այսպիսին ընկալում։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031