Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին ՔՊ-ական իշխանությունն ունեցել էր բանակցային գործընթացն արդյունավետ շարունակելու լավ նախադրյալներ. «Հայացք Երեւանից»

Դեկտեմբեր 30,2021 09:30

Անդրադառնանք ամենակարեւոր հարցին. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Նիկոլ Փաշինյանի՝ քանիցս հնչեցրած պնդումները, թե 2018-ի դրությամբ եղած բանակցային բազայով Արցախի՝ Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն: Ավելին, ըստ նրա, Արցախը դեռ 2016-ին էր սպառել Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր պաշարամիջոցները, հետեւաբար Արցախը հանձնողները նախկիններն են: Սակայն հրապարակի վրա եղած փաստերը, բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին քաջածանոթ հայ եւ ռուս պաշտոնատար անձանց վկայությունները, նույնիսկ Փաշինյանի որոշ հայտարարություններ, հակառակն են ապացուցում՝ 2018-ին ՔՊ-ական իշխանությունն ունեցել էր բանակցային գործընթացն արդյունավետ շարունակելու լավ նախադրյալներ: Այլապես հենց ինքը՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, 2019թ. օգոստոսին ինչո՞ւ պիտի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեր. «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»: Կամ՝ պաշտպանության նախարարն ի՞նչ հիմքով էր նույն թվականի մարտին սպառնում, թե «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Այսպես կարող էր խոսել միայն բանակցային ամուր դիրքեր ունեցող կողմը:

Իրականում այդպես էլ կար. թե՛ Կազանյան գործընթացի ժամանակ, թե՛ հետագա բանակցություններում հայկական կողմը երբեւէ չի քննարկել այնպիսի տարբերակ, որտեղ անդրադարձ չկատարվեր ԼՂ կարգավիճակի հարցին։ Նույնիսկ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2019թ. մարտին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ հստակորեն նշված է ինչպես Արցախի միջանկյալ կարգավիճակի, այնպես էլ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով վերջնական կարգավիճակի հստակեցման մասին: Այդ առնչությամբ ուշագրավ է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի այս տարվա հունվարի 13-ի արձագանքը ՀՀ վարչապետի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։

Փաշինյանի «վատ ժառանգություն» բնորոշմանը Պոպովը հակադրում է համանախագահների ներկայացրած վերջին առաջարկները, համաձայն որոնց՝ առաջին փուլում Ադրբեջանին են վերադարձվում Արցախի անվտանգության գոտի հանդիսացող 5 շրջանները՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլու եւ Աղդամ, իսկ Քարվաճառը (Քելբաջար) եւ Բերձորը (Լաչին) մնում են հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, մինչեւ իրավական ուժ ունեցող հանրաքվեով կորոշվի Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը: Երկրորդ փուլում արդեն վերադարձվում են Քելբաջարն ու Լաչինը՝ զուգահեռաբար դիտարկելով Լաչինի միջանցքի լայնությունը եւ կարգավիճակը: Ռուս դիվանագետը հատուկ ընդգծում է. «Երեւանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին ԼՂ իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի հանձնառության ընդունումը եւ այլն: Ուստի պնդել, թե ՌԴ-ն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես»՝ մոռանալով կարգավիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը»։

Այսպիսով՝ 2018-ի դրությամբ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացը հասել էր մի հանգրվանի, երբ թունելի վերջում արդեն լույս էր նշմարվում՝ 5+2 բանաձեւով 7 շրջանների վերադարձի դիմաց Արցախն իրավունք էր ստանում հանրաքվեով որոշել ցանկալի կարգավիճակը, ինչի համար էլ այդ շրջաններն ի սկզբանե նախատեսված էին: Կարծես թե՝ առանց պատերազմի, առանց տարածքային կորուստների եւ, հատկապես, առանց տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների, խեղված ճակատագրերի, անօթեւան մնացած թշվառականների խնդիրը հանգուցալուծելու հնարավորության թեկուզ, մի նշույլ, այնուամենայնիվ, եղել է, բայց չի օգտագործվել: Ինչո՞ւ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահն այդ հարցին սպառիչ պատասխան է տվել. «Մինչեւ 2018-ը ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն մերժել հակամարտության կարգավորման ներկայացված վերջին առաջարկները, բայցեւ ամբողջական համաձայնության հասնել այդ պահին հնարավոր չէր, սակայն, ըստ Պոպովի, «ամենից կարեւորը այն է, որ բանակցություններն ընթացել են մշտապես մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»։ Ըստ էության, բանակցությունները փակուղի մտցնելու մեջ Ռուսաստանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին:

Պաշտոնական Մոսկվան հերքում է նաեւ Փաշինյանի կողմից վերը նշված հոդվածում եւ, առհասարակ, տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում արված այն պնդումները, թե բանակցությունների սեղանին փաստաթուղթ չի եղել: Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը պարզել է, որ բանակցային սեղանին ոչ միայն փաստաթուղթ եղել է, այլեւ այն ունեցել է ներկայացման հստակ ժամկետ՝ «2019թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ռուսական առաջարկների ներքո, հակամարտության կողմերին են փոխանցել փուլային կարգավորման ծրագիր»: Արցախի վերջնական կարգավիճակի խնդրի տարբերակների մասին Իգոր Պոպովն ասում է, որ վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները՝ որպես վերջնական նպատակ, նախատեսում էին քվեարկություն: Եվ, որ ամենակարեւորն է, քվեաթերթիկում առաջադրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չպետք է սահմանափակվեին, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեին:

Անշուշտ՝ Փաշինյանը լավ գիտի, սակայն խնամքով թաքցնում է, որ հայկական կողմը մեծ ջանքերի, արհեստավարժության եւ, գլխավորապես, հաղթողի հոգեբանության շնորհիվ, ինչն իր համար անմատչելի է, կարողացել է շատ բաների հասնել՝ Մադրիդյան սկզբունքներին, Կազանյան բանաձեւին, ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին եւ այլն։ Նա լավ գիտի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից պարբերաբար տարածվող հայտարարությունների մասին, որոնցում ամրագրված Հիմնարար սկզբունքների մեջ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ կարգավորման տարրերի մեջ հստակեցված են այդ իրավունքի իրացման կարեւորագույն բաղադրիչները: Մասնավորապես՝ հետեւյալ երեք անփոփոխ դրույթները. ա/ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան; բ/ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ; գ/ պետք է անխափան գործի ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապը:

Հետագա բանակցություններում՝ մինչեւ 2018 թվական, այս սկզբունքներն ու տարրերն ավելի են մանրամասնվել, բյուրեղացել, միս ու արյուն ստացել, ինչի մասին վկայող փաստերը բազմաթիվ են: Հրապարակումը չծանրաբեռնելու համար զերծ կմնանք համացանցում զետեղված բավական հարուստ նյութերի հղումներից, ցանկացողները եւ թեմայով հետաքրքրվողները կարող են հանգամանորեն ծանոթանալ այդ փաստաթղթերին: Դրանք ոչ միայն համոզիչ կերպով վերահաստատում են «նախկինների» թողած արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային փաթեթի հայանպաստ լուծումների բովանդակությունը, այլեւ ապացուցում են, որ Փաշինյանը անգիտակցաբար կամ դիտավորությամբ մսխել է ստացած բանակցային ժառանգությունը, որից անդադար դժգոհում է: Կարգավորման փաթեթից ծայրաստիճան դժգոհ էր նաեւ Ադրբեջանի նախագահը մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը: Ցանկացած ոք այսօր էլ կարող է համացանցից ներբեռնել Ադրբեջանի կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 7-ի նիստում Իլհամ Ալիեւի հայտարարությունն առ այն, որ փակ դռների հետեւում իր վրա մեծ ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Սա եւս մեկ ավելորդ փաստարկ է, որ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս մնալու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորություն, այնուամենայնիվ, ունեցել է: Այլ հարց է, որ Փաշինյանն այդ հնարավորությունը չի տեսել կամ չի ցանկացել տեսնել:

Գեւորգ Բրուտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031