Լրահոս
Օրվա լրահոսը

Այս սառեցված հակամարտությունը, որտեղ միակ խաղացողը Ռուսաստանն է, անընդհատ շարունակելուց զատ միակ տարբերակը ՄԱԿ-ն է. Յան Հուքսմա

Դեկտեմբեր 29,2021 23:07

Դեկտեմբերի 29-ին նիդերլանդական «Trouw» հեղինակավոր օրաթերթում և վերջինիս կայքում հրապարակվել է նախկին պատգամավոր Յան Հուքսմայի հոդվածը։ Վերջինս «D66» կուսակցության ղեկավար անդամ է, Վասենար քաղաքի նախկին քաղաքապետն է։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Նիդերլանդների ԱԳՆ-ում, այդ թվում՝ ՄԱԿ-ի հարցերով տնօրենի, միջազգային մշակութային համագործակցության տնօրենի, ապա՝ դեսպանի։

Ներգրավել ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունում

Ուկրաինայի շուրջ հակամարտության և Բելառուսի ռեժիմի ճեղքման ստվերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է՝ վիճելի տարածք Լեռնային Ղարաբաղի համար։ Խորհրդային միության փլուզման արդյունքում երկու երկրների անկախացումից ի վեր հակամարտությունը բորբոքվել է երեք անգամ, վերջինը՝ մեկ տարի առաջ։

Այս երեք պատերազմների՝ մարդկանց հասցրած վնասը ահռելի է․ զոհեր, վիրավորներ, փախստականներ և մեծ վնաս տեղի տնտեսությանը։ 2020թ․ ավարտին ՌԴ միջնորդած զինադադարի հաստատած փխրուն խաղաղությունը պահպանվում է խաղաղապահների կողմից։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոքրիկ բախումներ, որոնք անգամ տեղ չեն գտնում միջազգային մամուլում։ Միջազգային հանրությունը պասիվորեն հետևում է և ուրախանում, որ չորրորդ պատերազմը դեռ չի սկսել։

 

Հղկել հակամարտության սուր եզրերը

Արդարադատության միջազգային դատարանը վերջերս հրապարակեց իր վճիռը երկու կողմերի՝ միմյանց դեմ ներկայացրած գանգատների վերաբերյալ։ Որոշումը հաղթանակ էր Հայաստանի համար․ արձանագրվում էր Ադրբեջանի կողմից ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը և ատելության խոսքն Ադրբեջանում։ Երկու կողմերին կոչ էր արվում չսրել վեճը, իսկ Հայաստանի մասնավոր անձանց՝ չսերմանել ատելություն։ Դատարանը կարող է մեղմել հակամարտության սուր եզրերը, բայց ոչ լուծել այն։

Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Ես առաջարկում եմ ՄԱԿ-ի առաքելության գաղափարը։ Պատմության մեջ հաջող մանդատային տարածքների և խաղաղության առաքելությունների մի շարք օրինակներ կան։ Կան նաև անվերջ և անհույս առաքելությունների օրինակներ, ինչպիսին է` Կիպրոսը։ Նման առաքելության դեպքում պրակտիկ և քաղաքական խնդիրներն անմիջապես վեր հանելը դյուրին է։

Հեղինակության ավելացումը կարող է օգնել երկրին

ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր երկրների, առաջին հերթին և ամենակարևորը՝ Ռուսաստանի համաձայնությունն է անհրաժեշտ։ Ի՞նչը կարող է մղել Ռուսաստանին համագործակցության։ Հավանաբար քաղաքական կշռի և հեղինակության ավելացումն այս մութ ժամանակներում (Ուկրաինա, լարվածություն ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ)։ Այնուհետև ԼՂ կդառնա նախկին Խորհրդային միության, այժմ՝ ՌԴ ազդեցության գոտում գտնվող վերջնականապես խաղաղ կարգավորված հակամարտություն։ Իսկ ՌԴ դեռ երկար ժամանակ կշարունակի խաղալ տարածաշրջանի ոստիկանի դերը։ ՄԱԿ-ի մանդատի հաստատման համար անհրաժեշտ կլինի նաև ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպայի համագործակցությունը։ Սա չի կարող լինել առանց դժվարությունների, վստահաբար՝ ոչ Չինաստանի դեպքում, սակայն հնարավոր է։ Եվրոպան աներկբայորեն սատարում է խաղաղության հաստատման և խաղաղ կարգավորման փորձերը, սակայն ի վիճակի չէ խաղալ ավելի ակտիվ, վճռորոշ դեր։

Սառեցված հակամարտություններ, որտեղ միակ խաղացողը Ռուսաստանն է

ԱՄՆ-ն չի ցանկանա «այրել մատները» հակամարտությամբ, բայց և չի կանգնի ՄԱԿ-ի մանդատի ճանապարհին։ ԵԱՀԿ-ն, որտեղ բոլոր առանցքային խաղացողները, բացի Չինաստանից, առկա են, ևս անզոր է խաղաղություն հաստատել։

Այս սառեցված հակամարտությունը, որտեղ միակ խաղացողը Ռուսաստանն է, անընդհատ շարունակելուց զատ միակ տարբերակը ՄԱԿ-ն է։ Այս փոխշահավետ իրավիճակին հնարավոր է հասնել միջազգային իրավական համակարգում։ Այս համատեքստում ԼՂ կարգավիճակի հարցը կարող է և պետք է լուծում ստանա։ Ի վերջո, այժմ այնտեղ ոչ ոք երբեք չի կարող լինել իրական հաղթող և խաղացողներն իրար պահում են փակուղում։ Պատերազմը Եվրոպայի սահմանին գրավիչ գաղափար չէ։ Ի՞նչն է խանգարում մեզ, որ Նիդերլանդներն այս գաղափարն առաջարկի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031