Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեւոր սնունդը կարեւոր է՝ հատկապես արվեստի միջոցով». Գարի Քյոսայան

Դեկտեմբեր 29,2021 19:20

Հունվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ճանաչված ջազային երաժիշտ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանն իր  ջազ քառյակով կներկայանա Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերով:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց երաժիշտը, համերգի հարուստ եւ բազմազան ծրագրում կհնչեն եւ սիրված ստեղծագործություններ՝ համաշխարհային գանձարանից, եւ իր հեղինակային ստեղծագործությունները: Կլինեն պրեմիերաներ: Ունկնդիրն առաջին անգամ Հայաստանում հնարավորություն կունենա լսելու Քյոսայանի Message from Ararat գործը: Համերգին կմասնակցեն այլ տաղանդավոր կատարողներ եւս, երգեհոնով էլ գործեր կհնչեն՝ Սիրանուշ Գասպարյանի կատարմամբ:

«Շեշտը դրված է հատկապես հոգեւոր երաժշտության վրա… »,-ասաց Գարի Քյոսայանը: Նրա ձեւակերպմամբ. «Համերգի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ սովորաբար այդ օրերին հանգստանում են, մինչդեռ դրանք հանգստի օրեր չեն… Ամբողջ քրիստոնյա աշխարհը մեծ շուքով տոնում է Սուրբ ծնունդը, իսկ մեզանում Նոր տարվա ստամոքսային հոգեբանությունը մոռացնել է տալիս Սուրբ ծնունդը… Իմ կարծիքով, հոգեւոր սնունդը շատ կարեւոր է ժողովրդի համար՝ հատկապես արվեստի միջոցով: Եթե մի ժողովուրդ հեռանում է իր հավատքից ու  արվեստից, փոխվում են նրա մտածելակերպն ու ճաշակը:

Մարդը պետք է բարձրաճաշակ արվեստի հետ շփվի, մինչդեռ մեր վերջին թերացումները այն պատճառով էին, որ վերջին տասնամյակներին ժողովրդին չափազանց ցածրամակարդակ արվեստ է հրամցվել, համոզելով, որ մենք երրորդ կամ հինգերորդ կարգի ազգ ենք: Այդ երգերից հայկական հոտ չէր գալիս…Իրականում մենք ունենք չափազանց բարձր արժեք ունեցող ազգագրական երգեր, որոնք չեն պրոպագանդվում, լայն մասսաներին դրանք  չեն հասնում հեռուստաալիքներով եւ ռադիոյով, փոխարենը հասնում է այն, ինչն անթույլատրելի է»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ 2021-ին իրականացված նախագծերին՝ նվիրված Միշել Լեգրանին ու Շարլ Ազնավուրին: Վերջինս համերգ-ներկայացում էր՝ Ալլա Սահակյանի մտահղացմամբ: Գարի Քյոսայանն ասաց, որ որակյալ արվեստը լայն մասսաներին հասցնելու գործում մեծ դերակատարություն ունեն նաեւ անհատները, ինչպես նաեւ պարտադիր է պետական մոտեցումը: Նա տպավորիչ օրինակ բերեց. «Հնարավոր չէ երկրի բարգավաճումը առանց արվեստի եւ արվեստագետների ազատության։ Այդ ազատություն պետք է կախված չլինի ֆինանսներից: Սրանք Քենեդու խոսքերն են, որը երեք հռչակավոր ճառ ուներ, որոնց մեջ առաջինը դա էր: Նա շեշտում էր, որ առանց արվեստի ու արվեստագետի ԱՄՆ-ը առաջ չի գնա, այդպես էլ եղավ: Լուի Արմսթրոնգի ձայնապնակներն ավել շատ օգուտ բերեցին երկրին, քան Boeing-ը: Նույն ջազմեններն առաջին անգամ ելույթ ունեցան Սպիտակ տանը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ մեր «Կոմիտաս» քառյակը, իրենց եւս Քենեդին է ընդունել: Ընդհանրապես Քենեդին արվեստի բարձրագույն նվիրյալ մարդ էր, որն Ամերիկան Ամերիկա սարքեց… Արվեստի հանդեպ նա պետական մոտեցում էր ցուցաբերում… Այնտեղ նկարիչները գումարի կարիք չունեն, որովհետեւ, եթե ամերիկյան մի բիզնեսմեն մեկ միլիոն փող էր աշխատում, պետք է պարտադիր  հարյուր հազար դոլարի նկար գներ նկարիչներից: Ֆոնդեր կային, որ հսկայական գումարներ էին ուղղում ջազին ու ջազմեններին»: Գարի Քյոսայանը կարծում է, որ անչափ կարեւոր է, որ արվեստի կրթության ժամեր ավելանան դպրոցում, երեխաներն անցնեն արվեստի պատմություն:

Կոմպոզիտորը նշեց, որ այժմ աշխատում է «Մուսա լեռան 40 oրը» բալետի վրա, որի լիբրետոն արդեն պատրաստ է, աշխատում է նաեւ իր նոր՝  Armenia ձայնապնակի վրա: Հավելեց, որ դրսից բազմաթիվ հրավերներ ունի, սակայն համավարակի պատճառով չի կարող համերգներ իրականացնել արտերկրում:

«Մի մեծ ցանկություն ունեմ, որ խաղաղություն լինի, սահմաններն ապահով լինեն եւ մեր զինվորները չզոհվեն»,-մեր զրույցի ավարտին ասաց Գարի Քյոսայանը: Պարզվեց, որ 44-օրյա պատերազմի օրերին երգ  է գրել, ու հույս ունի, որ այն մի օր կհնչի: «Երեւի երգի անունը դնեմ «Տվեք այն սուրը»,-ասում է մեր զրուցակիցը:

Ընդհանրապես նրա բոլոր նոր ստեղծագործությունների առաջին ունկնդիրները կինը՝ Ալլա Սահակյանն ու դուստրը՝ Մարիան են: Գարի Քյոսայանը հիշեց, որ օրերս, երբ փորձի ժամանակ իր երաժիշտների հետ նվագում էր նոր ստեղծագործություններից մեկը, դուստրը վազելով եկել ու ասել է, որ լավ գործ է, նաեւ հետաքրքրվել է, թե ով է հեղինակը: «Ասացի՝ իմն է»,-ժպտում է կոմպոզիտորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝  Գարի Քյոսայանի էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031