Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առանց հուզմունքի, հպարտությամբ ու Աստծո օրհնությամբ դեպի բանակ (ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2021 18:57

«Մի՛ լացեք, լացը լավ  չի,-Կապանի զինկոմիսարիատի բակում Համլետ Գեւորգյանն է ասում անծանոթ մի կնոջ,-իմ տղան էլ է գնում բանակ, թող ուրախությամբ ու խաղաղությամբ գնան ու վերադառնան»։

Տիկին Նունեն, արագ սրբելով արցունքները, հակադարձում է՝ «հպարտության արցունքներ են, մի՞թե այդքան մեծացավ Տիգրանս»։

Կապանի զինկոմիսարիատի բակը բազմամարդ է՝ ձմեռային զորակոչի առաջին հավաքն է։ Հարազատներ, ընկերներ, հարեւաններ՝ եկել են նորակոչիկներին հպարտությամբ բանակ ճանապարհելու։ Հուզվողները համարյա չկան՝ մայրերը զսպում են իրենց, հայրերը՝ ծխում են, միայն 18 տարեկան պատանիների ընկերուհիներն են ծածուկ թաշկինակները հանում, նորից տեղավորում գրպաններում։ Արմինեն ընկերոջն է ճանապարհում։ «Արմեն ջան, գալու եմ, չես զգալու՝ թե ոնց է անցնելու այս երկու տարին։ Միայն սահմանները լավ կպահես, որ ստեղ հանգիստ քնենք։ Ասեմ՝ Արմենս է առաջնագծում»,-վերջին հորդորն է տալիս Արմինեն։

18-ամյա Ռոման Սանամյանին ճանապարհելու համար մի ամբողջ ջոկատ է եկել։ Բացի ծնողներից, այստեղ են նրա կուրսեցիները՝ ապագա դերասանները։ Ռոմանը պատրաստ է դիմակայելու եւ հաղթահարելու բանակային կյանքի բոլոր դժվարությունները։ «Մարտական  եմ տրամադրված,  իմ կյանքի նպատակը ազգիս պիտանի մարդ դառնալն է, եւ այս երկու տարին բանակում ծառայելը շատ մեծ շանս է»,-ասում է Ռոմանը։

Զորակոչվող տղաներին ներս են կանչում՝ բուժզննության։ Նախ բոլորի ջերմաստիճանն են չափում, նորակոչիկներից մեկը կատակում է՝ «հիմա որ կորոնա՞ լինենք՝ չե՞ք տանելու»։ Բոլոր նորակոչիկներն առողջ են, պիտանի ծառայության։

Կապանի զինկոմիսարիատի բաժանմունքի ժամանակավոր պաշտոնակատար Սեւակ Մանուկյանը հակիրճ ներկայացրեց նորակոչիկների առաջին անելիքները։ «Հիշեք 92թ․-ի պատերազմը, ապրիլյանն ու 44-օրյա պատերազմը։ Ամեն քաղաքում զոհեր ունենք,  կենդանի լեգենդներ ունենք։ Դուք պիտի շարունակեք այդ մարդկանց գործը։ Դուք, ամեն մեկդ պիտի վերցնեք լուրջ պատասխանատվություն, որ  ձեր ընտանիքները հանգիստ քնեն, որ իրենք իմանան, իրենց որդիները կանգնած են դիրքերում՝ զենքերը ձեռքերին, պահում ու պաշտպանում են մեր մարտական դիրքերը, մեր երկիրը»,-ասաց Սեւակ Մանուկյանը։

Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան էլ մաղթեց, որ բանակ մեկնողները իրենց նպաստը բերեն հայրենիքի պաշտպանության գործում՝ փոքր-ինչ շտկելով ստեղծված իրավիճակը։ «Աստված օրհնի ձեզ, զորավիգ ու պաշտպան լինի ձեզ, ձեր ընթացքի մեջ թող խաղաղություն լինի մեր երկրին, եւ մեր միասնական աղոթքն է՝ անսայթաք ծառայեք, ու այդ ծառայության մեջ նվիրական շատ արժեքներ որդեգրեք ձեզ մեջ»,-ասաց հոգեւոր հովիվը։

Վաչագան բնակավայրում ապրող Սվետա Օհանջանյանն չնայած աշխատանքից ուշանում էր, բայց չէր կարող խախտել ավանդույթը՝ միշտ  գյուղի տղաներին բանակ է ճանապարհում, իսկ այսօր երկուսն են՝ Մարտինն ու Գուրգենը։ Սպասում է, որ տղաները դուրս գան զինկոմիսարիատի շենքից։ «Բոլորին սովորություն ունեմ ճանապարհում եմ ու երկու տարի անց դիմավորում։ Թող նժդեհյան ոգով գնան ու հայրենասիրությամբ վերադառնան, լինեն հայրենիքին նվիրված տղաներ»,-ասում է տիկին Սվետան։

Նորակոչիկները դուրս են գալիս զինկոմիսարիատի շենքից։ Քիչ ժամանակ ունեն՝ 20 րոպե հարազատներին հրաժեշտ տալու համար։ Իրար են խառնվում հավաքվածները՝ ողջագուրվում, իրար հարցնում՝ արդյո՞ք բոլոր անհրաժեշտ իրերն ուսապարկում են։ Հետո հիշում են ինչ-որ բան են մոռացել՝ վազելով  մոտակա խանութը։

Զինվորական կոմիսարը հրահանգում է՝ նորակոչիկները դեպի շենք ու ավտոբուսները։  Զինկոմիսարիատից  նորակոչիկների տեղափոխող ավտոբուսներին ծափահարություններով ճանապարհեցին դեպի Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ որտեղից էլ  նրանք ճանապարհվեցին Երեւան՝  կենտրոնական հավաքակայան։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031