Հարավային Կովկասը մեզ համար մոտ տարածաշրջան է բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասը դառնա անվտանգ և զարգացող, իսկ այնտեղ գտնվող պետությունները զգան խաղաղ համագոյակցության առավելությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Բաքվում և Երևանում կիսում են մեր գործողությունների տրամաբանությունը, գնահատում են մեր անկանխակալ մոտեցումը և պահպանում են հանձնառությունները բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին: Միաժամանակ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երկկողմ շփումների զարգացմանը: Մեր գործակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ առաջ է շարժվում բոլոր առանցքային ուղղություններով՝ տնտեսություն, ռազմատեխնիկական գործակցություն, առողջապահություն, մշակութային- մարդասիրական, կրթական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում»,- ասել է Ռուդենկոն:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բացի այդ, նրանք պարբերաբար շփվել են հեռախոսով:
«Այսօր կարելի է փաստել, որ ռուս խաղաղապահ զորամիավորումը հուսալիորեն ապահովում է կրակի դադարեցման ռեժիմը իր պատասխանատվության գոտում: Դրա հետ համաձայն են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հաստատել են այդ մոտեցումը եռակողմ գագաթնաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ»,- ասել է փոխնախարարը:
Կարդացեք նաև
Ռուդենկոն նշել է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում անվտանգության լուրջ մարտահրավերներ չկան. «Տարածաշրջան խաղաղություն է եկել: Առանձին միջադեպերը չեն կրում պարբերական բնույթ և օպերատիվ լուծվում են երկու կողմերի հետ գործակցությամբ»:
Նրա խոսքով՝ խաղաղապահներն ակտիվորեն մասնակցում են հետպատերազմական վերականգնմանը, մասնավորապես կողմերին է փոխանցվել 1903 մարմին (1579-ը հայկական կողմից, 324-ը՝ ադրբեջանական), իրենց բնակության վայրեր են վերադարձել մոտ 53 հազար տեղահանվածներ: 2020թ. նոյեմբերի 9-ից վերադարձվել է 127 հայ և 19 ադրբեջանցի ռազմագերի:
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, Ռուդենկոն նշել է, որ այն ուսումնասիրում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցությունների վերականգնումը տարածաշրջանում: «Այդ ձևաչափը համարում ենք կարևորներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աշխատանքներում: Ելնում ենք նրանից, որ այդ մեխանիզմի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների թույլ կտան Բաքվին ու Երևանին զգալ խաղաղ հարևանության տնտեսական առավելությունները»,- ասել է նա:
Ռուդենկոն նշել է, որ մեկ տարվա ընթացքում տպավորիչ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, մասնավորապես կողմերը հստակ ուրվագծել են իրենց շահերը, և այս պահին, ինչպես որ սահմանվել էր Սոչիում, ավարտին է հասցվում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի պարամետրերի համաձայնեցումը:
Պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին՝ Ռուդենկոն ասել է. «Ռուսաստանի մոտեցումն այն է, որ համապատասխան որոշումները կարող են կայուն լինել միայն Բաքվի ու Երևանի միջև փոխադարձ համաձայնության դեպքում: Ուստի մենք հանդես ենք գալիս մեկ փաթեթում ադրբեջանական և հայկական կողմի շահերը հավասարակշռելու դիրքերից»:
Ռուդենկոն նշել է, որ հայ-ադրբեջանական սահմաններում իրավիճակի լարման առաջին օրերին Ռուսաստանը մշտապես հանդես է եկել որպես միջնորդ, չնայած որ այդ հատվածը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում չէ:
«Խնդիրը ժառանգություն է հասել խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի ողջ երկայնքով միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ»,- ասել է փոխնախարարը:
Խոսելով տարածաշրջանային գործակցության 3+3 ձևաչափի մասին՝ Ռուդենկոն ասել է, որ այն չքաղաքականացված, պրագմատիկ ձևաչափ է՝ ուղղված Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների մերձեցմանը: Նա նշել է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած առաջին հանդիպումը ցույց տվեց, որ մասնակիցները շահագրգռված են շարունակել կառուցողական երկխոսությունը և ձևավորել փաստացի գործակցություն:
«Ցավում ենք, որ չնայած այդ հարթակում աշխատանքներին մասնակցության ակնհայտ շահավետությանը, Թբիլիսին, որին նույնպես հրավեր էր ուղարկվել, առաջին հանդիպմանը չմասնակցեց: Այնուամենայնիվ, բոլոր մասնակիցները շահագրգռված են Վրաստանի միացմամբ և համաձայն են, որ այդ երկրի համար դուռը պետք է բաց մնա»:
Ռուդենկոն խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ այն, անկասկած, կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի առողջացմանը: «Այդ տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ակտիվորեն ցուցաբերվող տրամադրվածությունը՝ սկսելու երկխոսություն,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևաչափով:- Ընդ որում կարևոր ենք համարում հրաժարվել նախապայմաններ առաջ քաշելուց և կենտրոնանալ փոխադարձ ընդունելի թեմաների, փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ