Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրավազոր չէ որևէ պարագայում վճռելու արցախահայության ճակատագիրը․ հայտարարություն

Դեկտեմբեր 29,2021 17:17

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման աննախադեպ ակտիվ և վճռորոշ փուլում է։

Ակնհայտ է, որ հարաբերությունների կարգավորման (իրականում՝ հաշտեցման) այդ գործընթացում Հայաստանի Հանրապետության կողմից բավարարվում են Թուրքիայի հիմնական նախապայմանները․

1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ներառյալ` Արցախը։
2. Ցեղասպանության միջազգային օրակարգից հրաժարում։

Առաջին նախապայմանի ընդունման պատրաստակամությունը հստակորեն արտահայտվել է դեկտեմբերի 24-ի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձևակերպված մտքերի և տեսլականների շրջանակներում, որտեղ ուղղակի և անուղղակի կերպով հիմնավորվում և լեգիտիմացվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման , ներառյալ` Արցախը) օրակարգը։

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի հնչեցրած դիրքորոշումներն ու մոտեցումները խիստ վտանգավոր են և չեն բխում Հայաստանի և Արցախի շահերից անհրաժեշտ է փաստել, որ

1․ Արցախյան հիմնախնդրի լուծումը և Արցախի հայկականության ապահովումը խարսխված են Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի վրա, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներից, Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ միջազգային փաստաթղթերի հիմնարար սկզբունքներից։

2․Արցախահայության ինքնորոշման իրավունքի ակունքները շատ ավելի հին են և բխում են Արցախի ի բնե հայկական լինելու և այնտեղ տեղական հայկական իշխանության հավաքական ձգտումներից։ Տես օրինակ՝ 1919թ․ փետրվարի 19-ի Շուշիում կայացած Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարը։ Ի վերջո՝ նաև 1991 թ․ սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման մասին հռչակագիրը։

3․ Հայաստանի Հանրապետության դերը Արցախի հայկականության և արցախահայության օրինական շահերի պաշպանության հարցում սահմանափակվում է միայն Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքով, որը պայմանավորված է Ադրբեջանի բոլոր կառավարությունների կողմից որդեգրած հայատյացության և Արցախի հայաթափման քաղաքականության իրականացմամբ։

Այս համատեքստում կարևորվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակներում արված երկու հայտարարությունները․

I. (2018թ. մայիս, Ստեփանակերտ) «Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը»:

II. (2018թ. հոկտեմբեր, ԱԺ) «Ես լիազորված եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, ես լիազորված չեմ մասնակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից»:

Այս ամենի հաշվառմամբ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրավազոր չէ որևէ պարագայում վճռելու արցախահայության ճակատագիրը՝ առավել ևս հանդես բերելու Արցախը օտարելու և ապահայկականացնելու քաղաքականություն։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր գործունեությամբ և Արցախում շարունակական ծրագրերի իրականացման միջոցով իր ներդրումն է ունենալու Արցախի հայկականության երաշխավորման գործում:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031