Դեկտեմբերի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։
Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը հետեւյալը նշեց. «Ընդհանրապես կալանավորման հիմքերն այս գործում բացակայում են, ստեղծածներն էլ արհեստածին են: Ինչպե՞ս է գերությունից վերադարձածը խոչընդոտելու, թաքնվելո՞ւ է, վերադառնալու է Բաքո՞ւ… Եթե ցուցմունքներն արդեն իսկ տրված են, վկաները հարցաքննված են, ինքնըստինքյան խոչընդոտելու վտանգ էլ չկա, ի՞նչ կալանքի մասին կարող էր խոսք լինել»:
Հարցին՝ այնուամենայնիվ, ինչպես է պատկերացնում այս ամենի հանգուցալուծումը, փաստաբանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Չեմ կարող պատկերացնել հանգուցալուծումը, որովհետեւ շատ կոշտ է զինդատախազության վերաբերմունքը, չգիտեմ, թե ժամանակի ընթացքում այն ինչպես կփոխվի կամ ինչպես կմեկնաբանվի: Կարծես դիվերսանտներ են եկել… Այդպես չի կարելի մարդկանց հետ վարվել, որ հույսով, հավատով վերադարձել են հայրենիք… էլի թող քննեն գործը, բայց կալանավորել այդքան սթրեսների միջով անցած, 10 օր տանը չեղած մարդուն, իրավաչափ չէ: Կարծես հանցագործներ են բռնել, որոնց պետք է անպայման կալանավորել եւ թույլ չտալ Նոր տարի նշել հղի կնոջ ու անչափահաս երեխայի հետ»:
Հիշեցնենք, որ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով: Այդ քրեական գործով կալանավորված է եւս 5 զինծառայող, որոնք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ