Իմ երկրում ամեն օր պատերազմ է, հետևաբար ամեն օր նորից ենք ծնվում, մեր կողքին լուռ փոխվում է տարեթիվն, ու մենք կամ հիշում ենք, կամ՝ մոռանում եղածը` հաճախ չհասկանալով:
Այսօր շատերի շուրթերին կլինի «խաղաղություն» բառը, որը զուտ գրականությունն է սիրում, բայց ես իմ շնորհավորանքի մեջ զերծ կմնամ այդ բառն օգտագործելուց և միայն կդիմեմ քեզ, ցավի մեջ ապրող, պայքարող հայ, սահմանապահ, կյանքիդ գնով կյանք տվող զինվոր, մի օր ավետիր զարթոնքը երկրիս՝ արցունքի պես ջինջ, հաղթանակած, քո ձեռքերով բերած…
Ես այս գիշեր երկինք կնայեմ ու կզրուցեմ այն տղաների հետ, ովքեր սիրահարված էին Հայաստան յարին, Արցախ յարին: Նրանք գնացին լուռ, բայց հերոսական: Վրեժը պե՛տք է լուծել, որ ճրագը միշտ վառ մնա հայոց երկնակամարում՝ նրանց լույսով պարուրված:
Կարդացեք նաև
Երազանքներն ու նպատակները սկսվում և ապրում են հայրենիքիս գրկում, նրա հետ և կյանք չունեն նրանից դուրս:
Հարատևի՜ր, չքնաղս, քո շնչին մատաղ, քո հոգուն սեր տամ… Ուզում եմ միշտ փայլես՝ լինի Ամանոր թե պարզապես օր, չնայած քեզ սովորական օրեր չունես, Հայաստանս, Արցախս, միասին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
Լուսանկարները` Անի Աբրահամյանի. ամանորյա Ստեփանակերտը