Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ պահել մանուկների հոգիներն ու նրանցից մաքրություն սովորել». ամփոփվել է «Ցավդ տանիմ, Արցախ» խորագրով մրցույթը

Դեկտեմբեր 29,2021 14:38

Արցախում գործող «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպությունը իր մի շարք ծրագրերի կողքին առանձնացրել էր նաև տարեվերջյան մի ծրագիր՝ «Ցավդ տանիմ, Արցախ» խորագրով նկարչության մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին Արցախի քաղաքամայր Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում։

Մրցույթի արդյունքների ամփոփման օրը սրահը արվեստ էր շնչում։ Պատերին կախված բոլոր նկարներում կարող էիր կարդալ արցախցու ճակատագրի պատմությունը, տեսնել նրա կյանքի ամենախիտ ու ամենամութ գույները։ Կազմակերպված տոնական միջոցառումը չէր կարող անմասն մնալ հայրենասիրությունից։ Ուրախ երգ ու պարերը ընդմիջվում էին հայրենիքին նվիրված ձոնով։

Երեխաների աչքերից երևում էր նրանց սրտատրոփ սպասումը, երբ միջոցառման ավարտից հետո սպասում էին` լսել իրենց անունները, իսկ երբ լսում էին` ամենայն համեստությամբ, բայց և ուրախությամբ մոտենում և վերցնում էին իրենց հասանելիք նվերները։

«Երեխաների դեմքին ժպիտ նկարելը աշխարհի ամենաարժանի արարքներից մեկն է։ Մեր օրերում հազարավոր երեխաներ արկերի պայթյունի ձայների տակ են նոր տարին դիմավորում, իսկ զուգահեռ իրականությունում բազում երեխաներ, փառք Աստծո, անհաղորդ են տառապանքին։ Արցախի մանուկներից շատերը դժվարությամբ են ժպտում, ընկճվածությունը թողել է իր անցանկալի հետքերը, բայց պետք է, որքան հնարավոր է, ուրախ պահել նրանց հոգիները, ու մանուկներից մաքրություն սովորել»,-Aravot.am‐ի հետ զրույցում ասել է ՀԿ-ի անդամ Աստղիկ Բաբայանը։

Կազմակերպության նախագահ Սնեժանա Թամրազյանը մեզ հետ զրույցում ասել է, որ միջոցառումը կայացել է ոչ միայն իրենց, այլև բազում հայրենանվեր անձանց ջանքերի շնորհիվ։

«Նախ նշեմ, որ փառատոնի գաղափարը ծագել է Պյոտր Նեմոյի հետ թրեյնինգներից հետո, իսկ դրա մեկնարկմանը նպաստել է ռուսաստանաբնակ մեր հայրենակից Նունե Ալթունյանը։

Նախաձեռնությանը միացել էին նաև կազմակերպություններ և անհատներ ինչպես Արցախից, այնպես էլ ՀՀ-ից, ՌԴ-ից, Սփյուռքից։
Ժյուրիի կազմում անվանի հայ նկարիչներ էին, ինչպիսիք են` Արման Համբարձումյանը, Աշոտ Տաթևոսյանը, Յուրի Գրիգորյանը, Պյոտր Նեմոյը, Լիլիթ Մելիքյանը, Զառա Դիլանյանը, Արցախից Իրա Թամրազյանը, Անժելիկա Մելքումյանը և կերպարվեստի բաժնի ուսանողներ՝ Լիլի Մաթևոսյանն ու Ալյոնա Սարգսյանը։ Իսկ միջոցառման գլխավոր մրցանակները և նվերները պատրաստել էր «Վիվա» բարեգործական կազմակերպությունը։ Երեխաների համար նաև նվերներ էր պատրաստել «Արալեզ» բարեգործական կազմակերպությունը»,-նշել է Սնեժանա Թամրազյանը՝ հայտնելով, որ մոտ 100 մասնակից ստացել է հատուկ մրցանակներ տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից։

«Մենք արեցինք առավելագույնը Ամանորին ընդառաջ երեխաներին տոնական շունչ հաղորդելու համար։ Հուսով ենք՝ մեզ հաջողվեց։ Մեր փառատոնը, որ կրում է «Ցավդ տանիմ, Արցախ» խորագիրը, մեկնարկել ենք 2021 թվականի նոյեմբերին և շարունակվելու է նաև 2022 թվականին՝ արդեն իսկ նոր միջոցառումներով ու մրցույթներով»,-հավելել է Սնեժանա Թամրազյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Լուսանկարները տրամադրել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031