2021 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը «Իբբի Արմենիա» մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի հայաստանյան կոմիտե» մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ և «ԻԲԲԻ Յամադա» ճապոնական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Մեծ աշխարհի մեր անկյունը» խորագրով վարպետության դասեր Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավելի քան 120 պատանու համար։
Ծրագրի շրջանակում հայրենագիտության, մեդիագրագիտության և ստեղծագործական հմտությունների զարգացման դասընթացներ են անցկացվել Աշտարակի մարզային, Աբովյանի, Էջմիածնի, Սևանի և Սպիտակի համայնքային գրադարաններում, հանդիպումներին մասնակցել են նաև բազմաթիվ գրադարանավարներ և մանկավարժներ: Դասընթացները մեկնարկել են սեպտեմբերին և շարունակվել մինչև տարեվերջ:
Ծրագրի նպատակն էր նպաստել պատանեկան ստեղծագործական մտքի զարգացմանը, հայրենագիտական գիտելիքների փոխանցմանը և մեդիայից գրագետ օգտվելու սկզբունքների յուրացմանը:
Ծրագրի շրջանակում հայրենագիտության, մեդիագրագիտության և ստեղծագրության համադրված դաս-զրույցներ են անցկացվել, և պատանիները մասնագետների ուղղորդմամբ փոխգործուն ձևաչափով թեմատիկ սահադիտումների միջոցով ծանոթացել են իրենց մարզերի ճարտարապետական շինությունների յուրահատկություններին, մեդիաիրազեկ լինելու և ստեղծագրելու հմտություններին: Նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերել հանդիպումների ընթացքում, խոսել իրենց պատկերացումներից: Արդյունքում մասնակիցներն ավելացրել են երկրի մշակույթի, ավանդույթների ու պատմության մասին գիտելիքները, ստացել տեղեկատվական հոսքերից օգտվելու հմտություններ: Երեխաներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու հաղորդակցման հարթակի ստեղծման աշխատանքներին և դասապրոցեսից հետո ապահովելու բովանդակային զբաղվածությունը:
Կարդացեք նաև
Պատանի շահառուները ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու են անհատական ստեղծագործություններում, իսկ ծրագրի բաղադրիչ հանդիսացող մեդիահարթակները ապահովելու են նրանց և մասնագետների շարունակական հաղորդակցումը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան