«Հետք». Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 28-ին, հրավիրած արտահերթ նիստում հաստատել է 4 ընկերությունից նվիրատվություն ստանալու հարցը: Երևան համայնքին նվիրատվություն են կատարել «Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ՍՊ ընկերությունները: Առաջին 2 ՍՊԸ-ները նստարաններ և աղբամաններ են նվիրել համայնքին, իսկ «Բրենդ Քոմփյութրս» ՍՊԸ-ն՝ համակարգիչներ:
«Ռենշին» ՍՊԸ-ն էլ 9 միլիոն 193 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տեսակոնֆերանս իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ և աթոռներ է նվիրել: Ավագանու որոշման նախագծից պարզ չի դառնում, թե այս ընկերությունը ե՞րբ է նվիրատվությունը կատարել:
«Հետք»-ը պարզել է, որ մինչ ավագանու նիստը՝ դեկտեմբերի 8-ին, Երևանի քաղաքապետարանը 4 շինթույլտվություն է տրամադրել «Ռենշին» ՍՊ ընկերությանը (որոշումը ստորագրել է Հայկ Մարությանը):
Շինթույլտվությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 4 առանձին շինթույլտվությունները վերաբերվում են Տերյան 107 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրին: Ուշագրավն այն է, որ շինթույլտվությունը տրվել է մինչ 0.0 նիշի համար: Այսինքն՝ 4 առանձին շենքի միայն ստորգետնյա հարկերը կառուցելու համար: Մնացած հարկերի համար առանձին շինթույլտվություն պետք է ընկերությունը ստանա:
Կարդացեք նաև
Ընկերությանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2020թ․-ին տվել էր նախագծման թույլտվություն, որի համաձայն, ՍՊԸ-ն Երևանի Տերյան 107 հասցեի համար կարող էր նախագծել 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցապատման ծրագրի վերաբերյալ կայացած հանրային լսումների ժամանակ պարզ էր դարձել, որ Տերյան 107 հասցեում հնարավոր չէ տրամադրել 18 հարկանի շենքի շինթույլտվություն, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը կարծիք էր հայտնել, ըստ որի՝ Երևան քաղաքի այդ հատվածում հնարավոր է կառուցել մինչ 20 մ բարձրությամբ շինություն: