Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվաստումների հանդեպ առավել բացասաբար են տրամադրված Լոս Անջելեսում բնակվող այն հայերը, որոնք շարունակում են սերտ կապեր պահպանել պատմական հայրենիքի հետ»

Դեկտեմբեր 29,2021 10:45

«Ազատություն». «Կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությամբ Լոս Անջելեսի հայկական թաղամասերը զիջում են հարևաններին», – օրերս հրապարակված հոդվածում պնդում էր The Los Angeles Times պարբերականը։

«Լիթլ Արմենիայում, օրինակ, պատվաստված է այդ իրավունքով օժտված բնակչության 56 տոկոսը, այն դեպքում, երբ Լոս Անջելեսի օկրուգում [որի կազմում է գտնվում այդ շրջանը] պատվաստումների ընդհանուր ցուցանիշը դեկտեմբերի կեսին հասնում էր 70 տոկոսի», – Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի խոսքերն է մեջբերել թերթը։

Գլենդեյլում, ըստ The Los Angeles Times-ի, պատվաստումների ցուցանիշը միջինից ցածր է հատկապես ամենառիսկային խմբում՝ տարեցների շրջանում։ «Գլենդեյլում դեկտեմբերի կեսի դրությամբ պատվաստված էր տարիքային այս խմբի 75 տոկոսը՝ ողջ Լոս Անջելեսի 88 տոկոսի համեմատ», – գրում է ամերիկյան պարբերականը։

«Երբ անցնում ես Գլենդեյլի զբոսայգիներով, կարելի է լսել, թե ինչպես են շախմատ խաղացող տարեցները կրկնում նույն պնդումները, որոնց առողջապահական համակարգը բախվում է ամբողջ երկրով մեկ։ Այդ մարդիկ պատվաստանյութերին պարզապես չեն վստահում», – The Los Angeles Times-ի թղթակցի հետ զրույցում նշում է Հայ օգնության միության Ամերիկայի Արևմտյան ափի պատասխանատուներից Վիկ Քյոսյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ տեղական իշխանություններն ու Կալիֆորնիայում գործող հայկական կազմակերպություններն այժմ փորձում են փոխել հայերի շրջանում տիրող տրամադրությունները, առայժմ, ճիշտ է, առանց լուրջ հաջողությունների։

«Գլենդեյլի քաղաքապետարանի աշխատակիցները տեղեկացրեցին, որ աշխատում են պատվաստումների կետեր ստեղծել այնպիսի վայրերում, որոնք վստահություն են վայելում տեղի հայերի շրջանում, այդ թվում՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում», – գրում է The Los Angeles Times-ը։

«Գլենդեյլի հանրային գրադարանը հայալեզու օնլայն դասընթաց էր կազմակերպել այն մարդկանց համար, ովքեր կցանկանան պատվաստումների քարոզչությամբ զբաղվել։ Այդ դասընթացին, ըստ գրադարանի աշխատակցուհի էվելին Աղեկյանի, ի վերջո ընդամենը մեկ մարդ մասնակցեց, այն էլ ոչ մի հարց չտվեց և լքեց քննարկումը մինչև դրա ավարտը», – նշում է թերթը։

Մի խումբ հեղինակավոր հայ բժիշկներ ևս նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ միասին փորձել էին Youtube-ում օնլայն քննարկումների շարք նախաձեռնել՝ նպատակ ունենալով փարատել Կալիֆորնիայում բնակվող հայերի կասկածները պատվաստումների վերաբերյալ։ Նախաձեռնությունը, սակայն, ավարտվել էր նրանց ուղղված դավաճանության մեղադրանքներով։ «Քննարկման մասնակիցները մեկն իր մեկնաբանությունում մեզ մեղադրեց, թե մենք թաքցնում ենք ճշմարտությունը մեր իսկ հայրենակիցներից», – The Los Angeles Times-ի թղթակցին ասել է նահանգային կոնգրեսի անդամ Նազարյանը։

Կալիֆորնիահայ բժիշկներն, ի դեպ, նկատում են, որ պատվաստումների հանդեպ առավել բացասաբար են տրամադրված Լոս Անջելեսում բնակվող այն հայերը, որոնք շարունակում են սերտ կապեր պահպանել պատմական հայրենիքի հետ։ Պարբերականի թղթակցին այս մասին է մասնավորաբար ասել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի բժշկական քոլեջի պրոֆեսոր Արմինե Լուլեջյանը՝ նման թերահավատության և անվստահության արմատները տեսնելով Հայաստանի խորհրդային անցյալում։ «Եթե ինչ-որ բան գալիս է կառավարությունից, նրանք դրան դեմ են», – ասել է Լուլեջյանը The Los Angeles Times-ի թղթակցի հետ զրույցում։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031