Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյան. «Ոչ մի կապ չկա այն ժամանակվա նախաձեռնության եւ Փաշինյանի այսօրվա արածի միջեւ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 29,2021 10:33

Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելով, հատուկ ներկայացուցիչ նշանակելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների: Վերջին հարցազրույցում նա նույնիսկ փորձեց իր նախաձեռնությունը մի շարքի մեջ դասել՝ նախորդների համանման փորձերի հետ: «Մեր կառավարությունն այդտեղ կրկնել է նախադասությունը, որը ձեւակերպված է 90-ականների սկզբից, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Այսինքն՝ «առանց նախապայմանների» նշանակում է՝ մենք չենք ասում՝ կճանաչեք ցեղասպանությունը՝ հարաբերությունները կկարգավորվեն, չեք ճանաչի՝ հարաբերությունները չեն կարգավորվի»,- ասաց Փաշինյանը: Իրականում, սակայն, գործընթացը, որը նա սկսել է, ոչ մի կապ ու նմանություն չունի Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու նախկին կառավարությունների փորձերի հետ:

Այս մասին հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը 2001 թվականին ստեղծված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամներից էր: Հանձնաժողովը (ղեկավարում էր այն ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Ալիկ Արզումանյանը), որի անդամների թվում էին արեւելագետ, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, մեծ աղմուկ առաջացրեց, կողմ ու դեմ կարծիքներ: Ոմանք համարում էին, որ այն ոչ մի արդյունքի չհասավ, մյուսները՝ որ, այնուամենայնիվ, մեծ դեր կատարեց Ցեղասպանության ճանաչման հարցում:

«Դա լրիվ այլ հանձնաժողով էր, որը բոլորովին այլ հարցեր էր քննարկում ու հասավ մեծ արդյունքի: Ոչ մի կապ չկա այն ժամանակվա նախաձեռնության եւ Փաշինյանի այսօրվա արածի միջեւ»,- ասում է Միհրանյանը: Ըստ նրա, այն ժամանակ քննարկվում էր, թե ինչի մասին կարելի է խոսել Թուրքիայի հետ:

«Այդ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում հայկական կողմը հասավ նրան, որ իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել 20-րդ դարի սկզբում, անվանվեցին ցեղասպանություն: Դա արեց Transitional Justice (Անցումային արդարադատություն) միջազգային կառույցը: Սամանթա Փաուերը ցուցմունք տվեց նրանց (ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր՝ Ս. Ս.), եւ թուրքերը պարզապես տապալվեցին, խայտառակվեցին, արեցին տակները: Ահա այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը: Ի՞նչ կապ ունի այսօրվա դավաճան, մառազմատիկ իշխանությունն այդ ամենի հետ, իշխանություն, որը ստեղծում է Հայաստանը հանձնելու մարմին: Ահա, այդ ռակուրսով թուրք դիվանագետներն ասում էին մեզ՝ ընդառաջեք մեզ ղարաբաղյան հարցում, մենք կբացենք ճանապարհները, բայց մենք նրանց գրողի ծոցն ուղարկեցինք, որովհետեւ դրանք երկու տարբեր բաներ են, որոնք միմյանց հետ կապ չունեն: Դուք ներողություն խնդրեք ձեր կատարած հանցանքների համար՝ ասացին մեր հանձնաժողովի անդամները, եւ ընդունեք ձեր մեղքերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը մնացած հարցերն իրենց մեջ կլուծեն», – բարկանում է Անդրանիկ Միհրանյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031