Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ տալ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հրապարակային բանավեճին՝ ընդունելով դիրքորոշումների բնական տարբերությունը. «Հանուն Հանրապետության»

Դեկտեմբեր 29,2021 10:13

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս․թ․ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հետ հեռուստատեսային հարց ու պատասխանի ժամանակ Արցախյան հակամարտության բանակցային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և դրան հետևած վերջինիս պարզաբանումներն ալեկոծել են ներքաղաքական դաշտը և առիթ դարձել տարաբնույթ մեկնաբանությունների ու շահարկումների։

Ականատես ենք դառնում միանգամայն օբյեկտիվ մտահոգությունների և արդարացի քննադատությունների, ինչպես նաև քաղաքական և քվազիքաղաքական որոշ շրջանակների անառողջ ակտիվության և ներազգային բաժանարար գծեր քաշելու վտանգավոր գործընթացի սկզբնավորման։

Առանցքայինը, անշուշտ, Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ նախագահի եւ Ազգային Ժողովի կողմից հնչած արձագանքներն էին, որոնք չափազանց վտանգավոր ենք համարում, քանի որ պարունակում են պաշտոնական Երևանի հետ քաղաքական և ինստիտուցիոնալ խզման նախադրյալներ։ Նման իրավիճակ, ըստ էության, առաջացել է 1997 թվականից հետո առաջին անգամ։

Միաժամանակ Արցախի իշխանության օրենսդիր և գործադիր թևերը նախընթաց 20 և ավելի տարվա ընթացքում, թերևս, առաջին անգամ, հանդես եկան Արցախի ապագայի վերաբերյալ ինքնուրույն դիրքորոշմամբ, ինչը խիստ կարևոր է Արցախի իրավական և քաղաքական սուբյեկտության վերականգնման համար։

Այդպիսով ընդգծվում է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի անօտարելի իրավունքը՝ ժողովուրդների ինքնորոշման, իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ազատությունը։

Արցախի՝ ինքնուրույն դերակատարման ստանձնմամբ՝ կուժեղանան հայկական երկու պետության դիրքերը և մանևրի հնարավորությունը բանակցային գործընթացում, իսկ դա կենսական կարեւորության առաջնահերթություն է՝ Ալիեւի ռեժիմի կողմից պետական մակարդակով տարվող հայատյացության, ամենայն հայկականը մերժելու եւ պատմական ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականության ֆոնին։

Երբ մենք ազգովին պահանջում ենք աշխարհից ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, վերջինս նախևառաջ պետք է դրսևորվի ներհայկական տիրույթում՝ հայկական երկու պետության ենթակայական հարաբերությունները վերածելով իրավահավասար դաշնակցության։

Միայն Հայաստանի և Արցախի միջև փոխվստահությունն ու համագործակցությունը կարող են բարելավել այն վատթար աշխարհաքաղաքական միջավայրը, որն ստեղծվել է մեր շուրջ և աստիճանաբար վերականգնել հայկական կողմերի դիրքերը բանակցային գործընթացում։

Սրանով հանդերձ՝ անթույլատրելի է Արցախյան հիմնահարցի ծառայեցումը ներքաղաքական և ներխմբային շահերին։ Արցախը հայ ժողովրդի ազգային գիտակցության հիմնասյուներից է, որի հարատևումը պահանջում է հանրային ռեսուրսների համախմբում՝ անկախ քաղաքական հավատամքի տարբերությունից։ Քաղաքական այն ուժերը, որոնք չեն ընկալում կամ չեն ցանկանում ընկալել այս պարզ, սակայն հիմնարար ճշմարտությունը, կամա թե ակամա սպասարկում են ոչ հայանպաստ օրակարգ, ինչից ժողովուրդն անպայմանորեն պետք է հետևություններ անի։

Ելնելով վերոնշյալից՝ կոչ ենք անում՝

– Վերջ տալ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հրապարակային բանավեճին՝ ընդունելով դիրքորոշումների բնական տարբերությունը և զերծ մնալով հասարակության մեջ բաժանարար գծերի ձևավորումից, որի վերջնարդյունքը կլինի հանուր հիասթափությունը, հուսալքությունն ու թշնամանքը,

– Արցախի հարցը հետայսու զերծ պահել որեւէ ներքաղաքական բնույթի շահարկումներից, ձեռնպահ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք ի սկզբանե կարող են թուլացնել Հայաստանի Հանրապետության ներկա եւ ապագա բանակցային դիրքերը, հանրային բանավեճը տեղափոխել կառուցողական հուն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ խորհրդապահական հարթություն՝ նպատակ դնելով վերադարձնել սուբյեկտությունն Արցախի Հանրապետությանը եւ Արցախի ժողովրդին։

– Դրսեւորել խելամտություն եւ կենտրոնանալ այն հարցերի շուրջ, որոնց լուծման շուրջ ներկայում գործընթաց է տեղի ունենում, եւ որից Հայաստանը եւ Արցախը պետք է դուրս գան ուժեղացած, նվազագույն քաղաքական կորուստներով եւ առավել հուսալի ապագայի հեռանկար ունենալու հնարավորություններով։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031