Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ազգային նոր նախագիծ

Դեկտեմբեր 29,2021 10:00

Ինչպե՞ս եղավ 1988-ի ազգային վերելքը: Ինչպե՞ս ստեղծվեց Հայաստանի Երրորդ հանրապետությունը: Ի՞նչն ապահովեց Առաջին արցախյան պատերազմում հաղթանակը: Այդ հարցերն իմաստ ունե՛ն այսօր, երբ 30 տարի առաջ մեզ ոգեւորող արժեքները արհամարհված են եւ մոռացված, իսկ հասարակությունը գտնվում է խորը ապատիայի մեջ:

Տրամաբանական է ենթադրել, որ 88-ի «աստեղային ժամը» նախապատրաստված էր երկրի նախորդ զարգացմամբ: Այդ տասնամյակներում խորհրդային իշխանությունը թույլատրեց կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, գլխավոր ֆուտբոլային թիմը կոչել «Արարատ», արտոնեց Հովհաննես Շիրազի կամ Պարույր Սեւակի նման գրողների ստեղծագործությունը՝ տաղանդավոր գրողներ, որոնց տողերը ծանոթ էին իրեն հարգող ցանկացած գրագետ հայաստանցուն: Իսկ գրագիտության մակարդակը բարձր էր. հազարավոր մարդկանց տանը կար գրադարան, որտեղ իրենց պատվավոր տեղն էին զբաղեցնում Րաֆֆու հատորները, որոնք պատմում էին մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մասին: Հարյուրավոր ուսանողներ գնում էին ԵՊՀ-ում լսելու Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները: «Դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց, քո նախնիները վանքեր են կառուցել», – ասում էր նրա հոր՝ Հրաչյա Ներսիսյանի հերոսը Խորեն Աբրահամյանի հերոսին, եւ նման դերասանների առկայությունը նույնպես այն ժամանակաշրջանի հայտանիշներից մեկն էր:

Ահա այն մթնոլորտը կամ, եթե ուզեք, դիցաբանությունը (այդ բառի չեզոք իմաստով), որը ծնեց 88 թվականը եւ դրանից բխող դրական դրսեւորումները: 1960-70-ականների «պաշարը» հերիքեց մինչեւ 1994 թվականը: Ազատության, անկախության, շուկայական հարաբերությունների պայմաններում այդ «պաշարով» առաջ շարժվելը պարզապես անհնարին էր: Դա ո՛չ փնթփնթոց է, ո՛չ կարոտախտ, ո՛չ էլ ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք: Օրինաչափության արձանագրում է. չի կարող որեւէ ազգ գտնվել մշտական վերելքի մեջ. գործընթացն ալիքաձեւ է՝ վերելքներն ու անկումներն հաջորդում են միմյանց: Պատերազմում պարտվելը, Արցախի կորուստը (որն արդեն արձանագրվել է պաշտոնապես) եւ, ամենակարեւորը՝ հասարակության մեծամասնության՝ այդ ամենի հանդեպ բացահայտ անտարբերությունը այն «փոսն» են, որից հետո վաղ թե ուշ սկսվելու է նոր վերելքը:

Հիմա մոդայիկ բառ կա՝ «պրոյեկտ» (նախագիծ): Եկեք պատկերացնենք, որ այն, ինչ 1960-70-ական թվականներին իրականացնում էր խորհրդային իշխանությունը, «պրոյեկտ էր», որը, անկախ մտահղացման հեղինակների մտադրությունից, բերեց դրական հետեւանքների: Հիմա անհրաժեշտ է նոր ազգային նախագիծ, որը, բնականաբար, չի կարող լինել նախորդի կրկնությունը: Ինչպիսին է այն լինելու՝ քննարկելու հարց է: Բայց որ այն դարձյալ պետք է տեւի 20-25 տարի՝ դրանում վստահ եմ: Պետք չէ վախենալ այդ թվերից՝ պատմության համար դա չնչին ժամանակահատված է: Առավել եւս՝ պետք չէ հիասթափվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen says:

    Իմ համոզմամբ հաջողության գրավականը բոլոր այն ուժերի և անհատների համախմբումն է, որոնք պետականը միանշանակ վեր են դասում խմբային կամ անձնական շահերից, որը նաև կարագացնի «մյուսներին» լուսանցք մղելուն:

  2. Լավատես says:

    Բոլորս էլ կարծում եմ մի քիչ հիասթափված ենք մեր պատկերացմամբ քաղաքակիրթ ազգերի ժողովրդավարական արժեքների նկատմամբ իրենց շատ տարօրինակ մոտեցմամբ, օրինակ, գիտենք, որ միջազգայնորեն հետապնդվում է քաղաքակիրթ ազգերի կողմից կեղտոտ հանցավոր փողերի լվացումը, որը բնական է, դրա համար էլ դրանք քաղաքակիրթ ազգեր են կոչվում, բայց մյուս կողմից տնտեսական էմբարգո չեն հայտարարում պետական կառավարումը բռնազավթած հանցավոր ռեժիմներին’ նրանց հետ նորմալ տնտեսական հարաբերություններ պահպանելով, դրանով խրախուսելով այդ հակաժողովրդական բռնապետական ռեժիմները, սա նույն կեղտոտ փողերի լվացումն է, այդ բռնապետությունների քաղաքական լեգիտիմացումը, կեղտոտ քաղաքականության լվացումը: Բռնապեությունը այն չէ, որ անօինական են, այլ այն է, որ ժողովրդին սխալ են դաստիարակում կամ ընդհարպտես չեն դաստիարկում ու կողոպտում են երկրի հարստությունները: Ընտանիքի մակարդակով հարբեցող կամ խաղամոլ ծնողներին զրկում են ծնողական իրավունքից եւ պետականորեն երեխաներին պաշտպանում նման անկապ ծնողներից, բայց պետությունների մակարդակով չգիտես ինչու թքած ունեն բռնատիրական պետությունների ժողովուրդների վրա: Մենք մեզ կհարգենք եւ մյուսներին էլ կստիպենք մեզ հարգել, եթե հրաժարվենք պատեհապաշտական եւ մորթապաշտական արտաքին եւ ներքին քաղաքականությունից եւ անցնենք դաժան տաժանակիր ազնվականին արժանի սկզբունքային քաղաքակնությանը եւ նման խիստ ու դաժան ու սկզբունքային լինենք ցանկացած ներքին թե արտաքին հաաբերություններում, հատկապես այն դեպքերում, երբ մենք դրանով կկորցնենք տնտեսական թե ռազմական շահավետության երկրներին’ անկախ նանից, դրանք կլինեն բարեկամ թե չարեկամ երկրներ: Հիշեցի սովետական զա ռուբեժոմ թերթից մի ֆոտո’ գերմանացի հայրն իր լացակումած տասը տարեկան տղային կապել էր քաղաքի մայթերի ծառերից մեկին եւ վզից կախել կարտոնից ցուցանակ, որի վրա մեծ մեծ տառերով գրված էր ԳՈՂ: Սկբունքայնությունը դաժան է առաջին հերթին ինքդ քեզ համար, որից հետո նոր կարող ես նման սկզբունքայնություն պահանջել շրջապատի մարդկանցից կամ պետություններից:

  3. Լավատես says:

    Մեր հայերի որպես ազգի’ հայերի, եզդիների, ռուսների, ուկրայինացիների, ասորիների եւ մյուս հայերին հարազատ ժողովուրդների Նոր տարին շնորհավոր, առողջություն եւ հաջողություն այս նոր քսան քսաներկու տարում, միասին պայքարենք մեր տեսակների մեր սերունդների ապագայի համար, միասին մենք ամենահզոր ուժն ենք, մեր հավաքական ուժի դեմ խաղ չկա: Սեր եւ վստահություն Արարչի եւ իրար հանդեպ: Սեր եւ պայքար:

  4. Հայ մարդ says:

    Իրատեսական վերլուծություն է: Սակայն ազգային նոր նախագծի ստեղծման համար սկզբունքային քայլեր են պետք: Որպեսզի նոր սերնդի մեջ նորից զարգանա ազգային զարթոնքը (որից չափազանց վախենում են մեր թշնամիները), իմ կարծիքով, առաջնահերթ պետք է.
    1. կարգի բերել մեր կրթական համակարգը, այն հագեցնելով ազգային կարևոր արժեքներ ուսուցանող ծրագրերով (ազգային ազատագրական պայքարի պատմություն, հայազգի մեծերի գործերի իմացություն, հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման բարելավում , հայկական մշակույթի առանձնահատկությունների ուսումնասիրություն, Սփյուռքի մեր գաղթօջախների մասին նյութեր և այլն):
    2. Պայքարել, որպեսզի հայկական հեռուստաալիքներով դադարեցվեն հեռարձակել նյութապաշտական, բռնություններով լեցուն, ցածրակարգ հումորային և անճաշակ հաղորդումները, որոնք անցած 30 տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ մեր մեջից հանեցին ազգային և ավանդական գեղեցիկ արժեքները և դրա փոխարեն լցվեցինք անդեմությամբ, կենցաղասիրությամբ ու հաճույքապաշտությամբ:
    3. ստեղծել հասարակական կազմակերպություններ, որոնք կլծվեն նշածս 1-ին և 2-րդ կետերի իրականացման գործին:

  5. Լավատես says:

    Ազգային նոր նախագիծ:
    Մեր երկիրն այնքան փոքր է, որ այն պետք է լիովին հայտարարել սահմանամերձ գոտի եւ ինչպես վայել է սահմանամերձ գոտու ժողովրդին, բոլորին անխտիր մեծ ու փոքր սովորեցնել ինքնապաշտպանության ու զենքի կիրառման արվեստին, անցկացնել քաղաքացիական պաշտպանության զորավարժություններ երեխաների, հաշմանդամների եւ անկողնային հիվանդների մասնակցությամբ, ստեղծել ստվերային կառավարություն, որը պատրաստ լինի գործել որպես ժամանակավոր պարտիզանական կառավարություն, եթե դրա առիթը լինի’ երբ գործող կառավարությունը կծախվի թշնամուն, թշնամու ամենահզոր ուժն այսօր դա նրա հատուկ ծառայություններն են, ստվերային կառավարությունը սկսվում է ստվերային հետախուզությունից եւ հակահետախուզությունից, այդ թվում սմերշի կարգի կառույցից, սահմանամերձ գոտու անխտիր բոլոր մարդիկ ստանում են հատուկ գիտելիքներ եւ հմտություններ ստվերային հատուկ ծառայություններում: Տնտեսության հարցում ստեղծում ենք ինքնաբավ տնտեսություն, որը կապահովի ժողովրդի կենսունակությունը լիակատար շրջափակման պայմաններում, այդ թվում անխափան սննդի եւ զենքի արտադրություն: Ստվերային պարտիզանական կառավարության համար մեր համայնքների անուններով կոչվելու են ռազմաճակատները, իսկ ստվերային կառավարությունը ղեկավարելու է այդ ռազմաճակատները: Պատերազմն արդեն սկսվել է, Արցախի ռազմաճակատում լուրջ կորուստներ ունեցանք, բայց պատերազմը դեռ նոր է սկսվել եւ երբ մնացած ռազմաճակատները արագ կձեւավորվեն իրենց համայնքային դրոշով, կսկվի մեր հակահարվածը: Ժողովրդավարություն = ժողովրդասիրություն + ժողովրդադաստիարակություն + ժողովրդակրթություն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031