Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն համակարգը շարունակում է անխափան գործել. Պետրոս Մակեյան

Դեկտեմբեր 28,2021 22:12
petros makeyan

Մինչև 2018թ-ը բազմիցս առիթ եմ ունեցել անդրադառնալ կոռուպցիոն համակարգի տարատեսակ դրսևորումներին, վերջին տարիներին վերստին տեսանելի է այդ համակարգի գործունեությունը, ի հեճուկս օրվա իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարի ամենօրյա ճղճղոցին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ավետիսը կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, առիթ հանդիսացավ կրկին ահազանգել, որ նախկին կոռուպցիոն համակարգը շարունակում է անխափան գործել։

Վերջերս անդրադարձել էի կոռուպցիոն համակարգի օղակներից մեկի՝ ՏՄՊՊՀ-ի, գործունեությանը, իսկ այս անգամ կներկայացնեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը ևս կոռուպցիոն համակարգի հիմնական օղակներից է և վերջինիս այսօրվա ղեկավարը, ինչպես ՏՄՊՊՀ-ինը, լուրջ ներդրում ունեն կոռուպցիոն համակարգի զարգացման գործում՝ «փորձված» կադրեր են և գնահատվեցին «հեղափոխական» իշխանությունների կողմից։

Փորձեմ ըստ էության ներկայացնել էլեկտրաէներգիայի սակագնի հերթական «հիմնավորված» կտրուկ բարձրացումը և վերհիշել, թե նախկինում, երբ, ինչ հիմքերով և ինչի համար են բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագինը։

Առաջին անգամ 1998թ-ին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրին 11 դրամով՝ 15 դրամից հասցնելով 26 դրամի՝ հետևեց հանրային բողոքի ցույցեր, ԱԺ-ում քննարկումներ, բայց իշխանություններն անդրդվելի էին, նպատակն ի հաշիվ ժողովրդի էներգետիկ համակարգը մասնավորեցնելու գործընթացից առաջ գերշահութաբեր (գրավիչ) դարձնելն էր։ Սակագների հաջորդ կտրուկ բարձրացումը տեղի ունեցավ 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո, առաջին փորձն «Էլեկտրիկ Երևանով» կանխվեց, այնուհետև, ինչպես միշտ, իշխանությունը հասավ իր ուզածին և ըստ տարածված լուրերի, Սամվել Կարապետյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միջոցով, ի հաշիվ ժողովրդի, իր 60 միլիոն դոլար պարտքն էր ստանում, որ ծախսել էր նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության համար։ Հիմա, Նիկոլի դարաշրջանում, կրկին 4․7 դրամով բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագինը, բնական հարց է առաջանում՝ ի՞նչի համար և ի՞նչ ծախսեր են փակում քաղաքացու հաշվին։

Էլեկտրաէներգիայի սակագինը համակողմանի վերլուծության դեպքում, պարզվում է՝ 1կվտ էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը միջինացված չի գերազանցում 28-30 դրամը, որտեղ ներառված են նաև չհիմնավորված ու չարդարացված վարչական ծախսերը։

Ռուսական էներգետիկ մաֆիայի առկայությունն ընդհանրապես, մասնավորապես՝ գազի մատակարարման և Հրազդանի 5-րդ բլոկի գործունեությունը, ինչի մասին վերջին օրերին տարվում է քարոզչություն, թե տեսեք ինչ գործարք են արել, այն է՝ առաջիկա տասը տարում գազի գինը սահմանին կմնա անփոփոխ, բայցը տեղ են թողել կալորիականության և տրանզիտի հաշվին կրկին բարձրացնելու, իսկ նվազեցման համար ոչ մի հնարավորություն, նաև պետք է արձանագրենք, որ ռուսական գազի մաֆիան տասնյակ տարիներ գազի տրանզիտի հաշվին 2 անգամ սակագին ավելացրել է սահմանի գնի համեմատ, այն դեպքում, երբ աշխարհում տրանզիտը կազմում է սահմանի վրա գազի գնի մինչև երեսուն տոկոսը։ Փորձենք հասկանալ վերոհիշյալ գազի գործարքի էությունը, իրականում դրա դիմաց Հայաստանը յուրաքանչյուր տարի ռուսներին պարտավոր է տալ շուրջ 32 միլիոն դոլար Հրազդանի 5-րդ բլոկի վերազինման ծախսերի դիմաց։

Ի գիտություն «հեղափոխական» իշխանություններին, որ Հրազդանի 5-րդ բլոկը վերազինվել է ռուսների կողմից կոռուպցիոն տարաբնույթ մեխանիզմներով ու ատկատներով, այդ իսկ պատճառով արտադրված 1կվտ էներգիայի ինքնարժեքը կազմում է շուրջ 60 դրամ, այն դեպքում, երբ Երևանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 25 դրամի սահմանում է, բայց վերջինս, ի տարբերություն Հրազդանի 5-րդ բլոկի, աշխատում է թերբեռնված, որովհետև ռուսական էներգետիկ մաֆիայի համար շահեկան է։ Եվ էներգոհամակագի 23․8 մլրդ դրամի ճեղքվածքը, որը թութակի նման կրկնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որևէ աղերս չունի իրականության հետ, դա էներգետիկ մաֆիայի և կոռուպցիոն հիմնական օղակի, ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, համատեղ որոշումն է։

Կրկին ահազանգ՝ եկել է սթափվելու ժամանակը։

Պետրոս Մակեյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031