Մադրիդի Ռեալը վերջին տասնամյակում բազում հաջողությունների է հասել։ Արքայական ակումբը տասը տարիների ընթացքում նվաճել է Չեմպիոնների լիգայի 4 տիտղոս, 3 անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, Իսպանիայի արքայական գավաթը նվաճել է 2 անգամ, Իսպանիայի սուպերգավաթը հաղթել է 2 անգամ, իսկ Եվրոպայի սուպերգավաթին արժանացել 3 անգամ։ Սա միայն վերջին տասնամյակի ցուցանիշներն են։
Մադրիդյան ակումբը այսպիսի ցուցանիշների հասել է աստղային տրանսֆերների, ինչպես նաև ակումբի վետերանների նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ։ Ռեալը նախագծեց և իրականացրեց նոր Գալակտիկոս։ Մադրիդը տաղանդների պակաս չի ունեցել՝ Ռոնալդու, Կասիլյաս, Ռամոս, Կակա, Օզիլ, Բեյլ․․․
Այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել։ Իսպանական գրանդը Բարսելոնայի հետ մեկտեղ բարձունքում է եղել Իսպանիայում, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում։
Չնայած հաջող մրցելույթներին, Ռեալը փոխել է մի քանի մարզիչների և համեմատաբար երկար ժամանակահատված չի հարմարվել մարզչի հետ։ Մոուրինյոյի ոչ այնքան հաջող շրջանից հետո եկավ Անչելոտին և ավելի քան տասը տարվա դադարից հետո Մադրիդի համար նվաճեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Անչելոտիից հետո թիմը գլխավորեց Ռաֆա Բենիտեսը, որը, կարելի է ասել քանդեց Անչելոտիի կառուցած թիմը և ընդամենը կես տարի ղեկավարեց թիմը։ ԵՎ ո՞վ կարող էր դուրս բերել թիմին ճգնաժամից, եթե ոչ սերուցքայինների լեգենդար ֆուտբոլիստ, Անչելոտիի նախկին օգնական՝ Զինեդին Զիդանը։
Չնայած երկրպագուների թերահավատ կարծիքներին՝ Զիդանը Ռեալին հասցրեց իրենց խաղամակարդակի գագաթնակետին։ Դա է վկայում 3 տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելը։ Զիդանը հեռացավ, նրան փոխարինելու եկավ Խուլեն Լոպետեգին։ Լոպետեգին նույնպես չփայլեց արքայական թիմի ղեկին և ինչքան էլ տարօրինակ լինի՝ կարճ ժամանակ անց Զիդանը վերադարձավ և մարզեց Ռեալը մինչ 2021 թվականը։ Վերջին շրջանում Մադրիդը չէր փայլում ցուցադրած խաղով, և Ֆլորենտինո Պերեսը որոշեց վերադարձնել Կարլո Անչելոտիին։ Ընդամենը կես տարի է անցել Անչելոտիի նշանակումից, սակայն կարելի է փաստել, որ սերուցքայինները թափ են հավաքել և պատրաստ են պայքարել թե՛ Իսպանիայում, թե՛ Եվրոպայում լավագույնի կոչման համար։
Ինչպես մարզիչների պարագայում, այնպես էլ ակումբի՝ բազում ֆուտբոլիստների հարաբերությունները ղեկավարության հետ հարթ չեն։ Վերջին տասը տարվա ընթացքում տարբեր պատճառներով թիմը լքեցին՝ Կասիլյասը, Ռամոսը, Ռոնալդուն և ուրիշ հայտնի ֆուտբոլիստներ, որոնց նվիրվածությունը արքայական ակումբին կասկածից դուրս էր։ Ցավոք Ռեալը իր լեգենդներին չկարողացավ ճանապարհել ըստ արժանվույն։ Չնայած ակումբի ներսում տեղի ունեցող բարդություններին՝ Ռեալը շարունակում է ապացուցել, որ լավագույններից է եվրոպական ֆուտբոլում։
Այս մրցաշրջանում Մադրիդը հաջող է մեկնարկել։ Լա Լիգայում զգալի առավելություն ունի մյուս թիմերի նկատմամբ և չեմպիոնի հիմնական ֆավորիտն է։ Չեմպիոնների լիգայում խնդիրը ավելի բարդ է։ 1/8-րդ եզրափակչում Անչելոտիի սաները կմրցեն աստղային կազմ ունեցող ՊՍԺ-ի հետ։ Արքայական ակումբի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է խնդիրներ առաջացնել իր նախկին թիմի համար։ ՊՍԺ-ի արգելքը հաղթահարելու դեպքում էլ Ռեալը ստիպված կլինի պայքարել ուժեղագույնների հետ․Մանչեսթեր Սիթին, Լիվերփուլը, Չելսին, Բավարիան և այլ թիմեր պատրաստ են պայքարել Չեմպիոնների լիգայի լավագույնի կոչման համար։
Անչելոտին կկարողանա՞ նորանոր հաջողությունների հասնել արքայական ակումբի հետ, թե ականատես կլինենք մարզչի հերթական փոփոխությանը։ Միայն կարելի է ենթադրել․․․
Լեւոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ