Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ժամանակ անց Բաքուն կսկսի պահանջել, որ Ադրբեջանի օրենքները տարածվեն Ղարաբաղի ողջ տարածքի վրա. Հրանտ Բագրատյան

Դեկտեմբեր 28,2021 19:05

«Չէր կարելի Հայաստանում քարոզել արեւմտյան արժեքներ, երբ որ Արեւմուտքը Հայաստանում ներկայացված չէ: Արեւմուտքը Հայաստանում քաղաքականապես չկա: Հայաստանում հայերը կա՛մ թուրքերի հետ են, կամ՝ ռուսների, կա՛մ էլ՝ ինքնուրույն ինչ-որ մի բան»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ մեր քաղաքացիներն այդպես էլ չհասկացան, որ արեւմտյան արժեքներ քարոզող բոլոր կազմակերպությունները ողջագուրվում են թուրքերի հետ:

«Հայելի» ակումբում պարոն Բագրատյանն անդրադարձավ ՀՀ եւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Նրա խոսքով, ռուսներն էլ որոշակի առումով 44-օրյա պատերազմին մեզ պաշտպանեցին, բայց նրանք էլ ասում են՝ չենք պատրաստվում ձեր պատճառով թուրքերի հետ հարաբերությունները վատացնել:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ընդվզումների ալիք բարձրացրին, Հրանտ Բագրատյանն ասաց՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են Ղարաբաղը թողնել Ադրբեջանի քմահաճույքին, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը, ըստ էության, որեւէ ինքնավարություն չի ստանա. «Որոշ ժամանակ անց Բաքուն կսկսի պահանջել, որ Ադրբեջանի օրենքները տարածվեն Ղարաբաղի ողջ տարածքի վրա։ Այո, ռուս զինվորականները կմնան, սակայն ադրբեջանական օրենսդրության հաստատումից հետո փախստականների վերադարձի հարցը կբարձրացվի։ Ադրբեջանցիները կվերադառնան Ղարաբաղ, իսկ ահա Ղարաբաղի բնակիչները՝ ոչ։ Ապա ադրբեջանցիները կսկսեն հաստատվել Հայաստանում, իսկ իրենք՝ հայերը, չեն վերադառնա Բաքու եւ Սումգայիթ։ Եվ այսպիսով, խնդիրը կսկսի խորանալ»: Բագրատյանի խոսքով, իսկ, եթե Ռուսաստանի Դաշնությունում իշխանափոխություն տեղի ունենա, ռուսական խաղաղապահ զորախմբը, չի բացառվում, որ դուրս կբերվի Արցախի տարածքից։

«Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են որքան հնարավոր է շուտ լուծել Ղարաբաղի հարցը։ Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Բացի այդ, Ռուսաստանը, Հայաստանի առումով, գտնվում է բավական խեղաթյուրված տեղեկատվական տարածքում։ Հայաստանի նկատմամբ իրենց սխալ են պահում ոչ միայն Ռուսաստանի Պետդումայի որոշ պատգամավորներ, այլեւ ԱԳՆ ներկայացուցիչներ, անգամ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031