Հրազդանի դրամատիկական թատրոնում տոնական եռուզեռ է։ Թատրոնում օրեր առաջ կայացել է «Մեր օրերի Ձմեռ պապը» աննախադեպ ներկայացման առաջնախաղը, որն արդեն սիրվել է հանդիսատեսի կողմից, և շատերն այն երկրորդ անգամ են դիտում:
«Ներկայացման գաղափարը ծնվել է ամռանը, և միայն հոկտեմբեր ամսին ռեժիսոր-բեմադրիչ Տիգրան Գյուլումյանի հետ սկսեցինք բեմադրական աշխատանքը»,-մեզ հետ զրույցում ասաց Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը:
Կարդացեք նաև
«Մեր օրերի Ձմեռ պապը» ներկայացումը բարու և չարի պայքարի մասին է, որն ավարտվում է բարու հաղթանակով: ժամանակակից մուլտերից վերցրած սիրված՝ բարի և չար հերոսների կերպարներ, մեր օրերի Ձմեռ պապ, տոնական տրամադրություն:
«Մենք նպատակ ենք ունեցել խորհրդանշական կերպարների միջոցով երեխաների մեջ բարություն սերմանելու հետ ուսուցանել նաև ներողամտություն»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանուհի Նարինե Սարգսյանը:
Դահլիճում տիրում էր ուրախ և տոնական տրամադրություն։ Երեխաների ոգևորությունից բացի ջերմ ծափերով դերասաններին դիմավորում էին նաև ուսուցիչներն ու ծնողները:
Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը հավելեց, որ առաջիկայում պլանավորել են նոր ներկայացումներ և նպատակ ունեն մասնակցելու «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Հրազդանի համայնքապետարանը