ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ամփոփելով անցնող տարին, 2021 եւ 2020 թվականները որակեց որպես նույն պիեսի տարբեր արարներ, որոնք իրենց ողբերգականությամբ, ազգի եւ պետականության համար իրենց բացասական ազդեցությունով միմյանց լրացնում են:
«2020 թվականին մենք ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ: 2021 թվականին իշխանությունը փորձեց սպանել մեր կորուստները հետ բերելու, մեր պարտությունները հաղթանակի վերածելու բոլոր հույսերը: Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ասուլիսները նպատակ են հետապնդում, որ ժողովուրդ, համակերպվեք պարտության հետ, որեւէ բան անել հնարավոր չէ եւ երբեք հնարավոր չի եղել, սա իմ ձախողումը չէ: Եվ նաեւ երկրի ներսում փորձել է առանձնացնել ժողովրդի տարբեր հատվածները, մասնավորապես, Արցախը: Ի վերջո, ինքը հասկանում է, որ ենթակառուցվածքային պրոյեկտները եթե սկսեն գործել եւ եթե հանկարծ Հայաստանի եւ Ադրբեջանի. Ադրբեջանի եւ Արցախի միջեւ խնդիրներ առաջանան, ադրբեջանցիք եւ թուրքերը առաջինը փակելու են այդ ենթակառուցվածքները, ինչպես դա արել էին 90-ականների սկզբին, նույնիսկ 80-ականների վերջերին: Եվ որպեսզի այդ պրոյեկտները, որոնք երկրի համար կասկածելի արդյունք են ունենալու, փոխարենը՝ որոշ շրջանակների համար մեծ բիզնես շահ են ենթադրում, որեւէ կերպ վտանգի չենթարկվի, մարդը գլխանց փորձում է Արցախի հարցը լուծել՝ հրաժարվել Արցախից:
Ինքը այդ ամենը շատ լավ հասկանում է: Եվ վերջին ասուլիս կոչվածի ժամանակ, երբ այդ հայտարարություններն արեց Արցախի հասցեին, շատ լավ հասկանում էր, թե Արցախից ինչ արձագանք կլիներ: Բայց դրանով փորձեց եւս մեկ անգամ խրախուսել Արցախի եւ Հայաստանի միջեւ դեզինտեգրացիոն պրոցեսները: Եվ ներսում նրա մանկլավիկները էլի սկսեցին՝ արցախցի-հայաստանցի, մենք կռվել ենք՝ դուք չեք կռվել, մենք փողը ձեզ ենք տվել եւ այլն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ