Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփել են տարին

Դեկտեմբեր 28,2021 18:35

Այսօր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է տարեվերջյան ասուլիս, որի բանախոսներն էին ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։

«Ինչքան բարդ էր սկսել տարին, այնքան անհրաժեշտ էր»,-ասել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը՝ ներկայացնելով հետպատերազմական իրավիճակում, մասնավորապես 2021 թվականի ընթացքում բուհի կատարած աշխատանքները։
Բուհն այս անգամ էլ անդառնալի կորուստներ ունի։

«2016-ի ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմների ընթացքում անմահացել է մեր բուհի 22 ուսանող։ Նրանց վառ հիշատակին բուհում բացվել է հուշատախտակ»,-ցավով նշել է Դոնարա Գաբրիելյանը` վստահեցնելով, որ նրանց գործը պետք է շարունակել և նոր հաղթանակներ կերտել։

Համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն էլ իր խոսքում նշել է, որ բուհում կազմակերպված բոլոր միջոցառումներն ունեցել են հստակ նպատակ՝ անմնացորդ ծառայել երկրին։
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ բուհը հայտարարել է «Իմ հերոսը» թեմայով էսսեների մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած քաջորդիներին։ Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 31-ն է։

«ՄՄՀ-ն կանցկացնի մեկամյա «Գործնական հոգեբանություն և հոգեկարգավորում» դասընթացների ընդունելություն՝ «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի բազայի հիման վրա: Նաև նշեմ, որ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում մեկնարկել է «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական նոր ծրագիր. բաժնում սովորում են 20 ուսանող»,-ասել է Ալիսա Բաղդասարյանը։

Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն էլ հայտնել է, որ լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի առաջին հատորը:

«Այն Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության պահպանության» հանրային խորհրդի, ինչպես նաև «Գոլոս Արմենիի» թերթի համատեղ աշխատանքի արդյունքն է»,-ընդգծել է Հովիկ Ավանեսովը` ավելացնելով, որ բուհի նիստերի դահլիճում հոկտեմբերի 11-ին կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն» խորագրով կլոր սեղան-քննարկում։

Նշենք նաև, որ Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է բուհի և Ազգային արագացման հանրային նախաձեռնության մեկամյա համագործակցության արդյունքում ստեղծված «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը։ Համալսարանի կատարած լայնածավալ աշխատանքի արդյունքում Արցախը դարձել է հայերենի թվայնացման ու տվյալագիտության կենտրոն:

Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտորը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բուհի գործունեությունը լուսաբանած լրագրողներին՝ արժանացնելով շնորհակալագրերի ու նվերների։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031