Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութցիները դիմել են Ֆրանսիայի նախագահին, ապաստան են խնդրել. Դեսպանատնից ասացին՝ նամակն արդեն ուղարկել են

Դեկտեմբեր 28,2021 18:21

«Հիմա ի՞նչ է կատարվում, Արցախը նորից ուզում են վերադարձնել Ադրբեջանի գիրկը, որպեսզի հետագայում նորից պետք լինի կռվեցնեն»,- այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:

Այսօր մի խումբ արցախցիներ, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանվել են իրենց բնակավայրերից, կառավարության առաջ բողոքի ցույց իրականացրին:

Լեւոն Հայրյանի խոսքով, Արցախը Ադրբեջանին հանձնելու ծրագիրն իրականացնում են ռուսները՝ ՀՀ իշխանությունների ձեռքով: Նրա կարծիքով ՀՀ իշխանությունները, կուսակցությունները չեն ձերբազատվել խորհրդային մտածողությունից եւ կրկին Ռուսաստանի մեջ են տեսնում փրկությունը, մինչդեռ Ռուսաստանի երաշխավորությամբ Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մի շարք կետեր մինչ օրս կատարված չեն:

 

Ցույցի մասնակիցները պահանջում էին իրենց տալ փախստականի կարգավիճակ եւ իրենց  վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը:
«Նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում նշված է, որ պետք է վերադառնան նրանք, որոնք փախստականներ են ու բռնի տեղահանված, բայց մեզ այդ կարգավիճակը չեն տալիս: Մեզ պետք է վերադարձնեն Հադրութ եւ մեզ տան միջազգային երաշխավորություն՝ այնտեղ ապրելու: Եվ ճանաչեն Արցախի հանրապետությունը: Հայաստանի ու Արցախի գոյության միակ պայմանն այս է»,-ասաց Լեւոն Հայրյանը՝ նշելով, որ իշխանությունները չեն տալիս փախստականի կարգավիճակը, որպեսզի հիմք լինի վերադառնան այնտեղ:

Լեւոն Հայրյանն ասաց, որ պահանջներից մեկն էլ բնակարանների տրամադրումն է մեկ տեղում, որպեսզի իրենց համայնքային ինքնությունը չկորչի: Նրա խոսքով, սոցիալական նպաստները դարձրել են 25 հազար դրամ, ինչը երեւանյան պայմաններում շատ չնչին գումար է:
Ցույցի մասնակիցները նամակ հանձնեցին կառավարությանը, որտեղ թվարկել էին իրենց խնդիրները: Նրան նաեւ հանդիպում են պահանջում  ՀՀ իշխանությունների հետ:

Նրանք երթով շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որին նույնպես հանձնեցին նամակ, ապա գնացին Ֆրանսիայի դեսպանատուն: Նրանց խոսքով, մոտ 25 օր առաջ նամակ են ուղարկել Ֆրանսիայի նախագահին՝ խնդրելով քաղաքական ապաստան: Լևոն Հայրյանի խոսքով՝ Հադրութի համայնքի գոյությունն ավելի հեշտ կպահպանվի Ֆրանսիայում, քան Հայաստանում:
Արցախիցներին դեսպանատնից հայտնեցին, որ նրանց նամակն արդեն ուղարկված է, պատասխանի դեպքում իրենք կտեղեկացնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031