Անցնող տարվա ընթացքում շարունակվեցին 2020 թ. պայմանավորված պատերազմով մեկնարկած և/կամ սրված բացասական միտումները։
Դրանց ազդեցությամբ պահպանվում, իսկ որոշ առումներով նույնիսկ ահագնանում են Արցախի ռուս-թուրք-ադրբեջանական վերջնական յուրացման և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի, զուգահեռաբար` ազգային իրավունքներից ու հեռանկարից զրկվելու գոյութենական մարտահրավերները։
Միևնույն ժամանակ` հակառակ այս մարտահրավերները հարուցող ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի և նրան սպասարկող հայաստանյան ազգադավ ռեժիմի ու նրա դեմ կեղծ դիմադրություն բեմականացնող նույնքան ազգադավ տիտղոսային ընդդիմության գործողությունների, մեր տարածաշրջանի նկատմամբ ու դրա ներսում տեղի ունեցող զարգացումների վրա զգայի չափով ու կայուն կերպով աճում է Արևմուտքի, առաջին հերթին` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջամտության, ինչպես նաև հայ ժողովրդի դիմադրության ազդեցությունը, ինչի շնորհիվ հիշյալ մարտահրավերներն առ այսօր ըստ էության զսպվում են ու հավասարակշռվում։
Ազգային-ժողովրդավարական բևեռը, որպես գետնի վրա ամենակազմակերպված ու հետևողական դիմադրություն ցույց տվող ուժ, ոչ միայն կարողացել է տասնապատիկ անգամ հզորանալ խիստ անբարենպաստ, ըստ էության` թշնամական միջավայրում, բոլոր կողմերից վարվող սև քարոզչության, ինչպես նաև գրեթե ամբողջական տեղեկութային շրջափակման պայմաններում, այլև վստահորեն պահպանում է ծավալման ու ինքնակազմակերպման դրական դինամիկան։
Արձանագրում ենք, որ Հայաստանում և արտերկրում Բևեռի նվիրյալ աջակիցների ու նրա նախաձեռնած դիմադրությանը մասնակցող մեր մյուս հայրենակիցների պայքարը զգալի չափով նպաստել է աղետալի զարգացումները զսպելուն, կանխելուն կամ չեզոքացնելուն, ինչպես նաև ապահովել է դիմադրության հիմնական գործոնի` ժողովրդային ուժի մոբիլիզացիայի որակական աճում։
Կարդացեք նաև
Ըստ այդմ, առաջիկա ամիսների ընթացքում Բևեռը համահայկական ձևաչափով` Սփյուռքի դերի կարևորմամբ, կշարունակի մոբիլիզացիան և դիմադրական շարժման հզորացումը` պատրաստվելով ժողովրդի իշխանությունը վերականգնելու և պետության ինքնիշխանությունը վերահաստատելու համար ժողովրդի կամքի պարտադրման պատեհ պահին։
Այդ նպատակով Բևեռը զուգահեռաբար կշարունակի նաև հավանական քաղաքական գործընկերների ու դաշնակիցների հետ համախմբվելու, ինչպես նաև 2018 թ. օրինակով ժողովրդի դիմադրությունը կեղծ ուղղությամբ տանելու գործընթացները խափանելու իր քայլերը։
Բևեռը համոզված է, որ հայ ազգի ու նրա պետականության վերածննդի քաղաքական գարունը չի ուշանալու։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ