Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մասնակցում է 67 ըմբիշ, որոնք ներկայացնում են մարզաձեւի մեր հիմնական կենտրոնները՝ Երեւան, Գյումրի, Էջմիածին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ կան նաեւ կազմակերպություններ, որոնք հայտավորել են ընդամենը մեկ-երկու ըմբիշի: «Մեր բոլոր ուժեղագույն ըմբիշները մասնակցում են, բացի Արթուր Ալեքսանյանից եւ Ռուդիկ Մկրտչյանից: Արթուրը մեջքի վնասվածքից հետո նոր-նոր է սկսել թեթեւ մարզումներին ձեռնամուխ լինելը, իսկ Ռուդիկը մասնակցությունից ազատվել է հիվանդության պատճառով»,-ասաց նա:
Պարոն Սահակյանը մեզ առաջարկեց առաջնությունից իր տպավորությունների մասին խոսել, երբ գոտեմարտերը կավարտվեն: «Հիմա նախնական գոտեմարտերն են սկսվել ու դժվար է այս պահին որեւէ եզրակացություն անել: Երիտասարդ ըմբիշներ կան, որոնց մեր մարզչական շտաբը ուզում է տեսնել գործի մեջ: Նրանք պետք է անեն առավելագույնը: Իսկ թե որքանո՞վ դա կհաջողվի, ցույց կտա մրցագորգը: Մի բան ակնհայտ է. փորձառուները, որոնց մարզասերները լավ ճանաչում են, դիրքերը զիջելու մտադրություն չունեն»,-ասաց մասնագետը:
Կարդացեք նաև
Այսօր արդեն հայտնի դարձան երկու քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները: 67 կգ քաշային կարգում հաղթեց Սլավիկ Գալստյանը, իսկ 130 կգ գերծանր քաշում՝ Դավիթ Օվասապյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ