Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է 186 վարույթ, ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության ոլորտում. ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է տարվա գործունեության արդյունքները

Դեկտեմբեր 28,2021 16:35

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2021 թվականին հանձնաժողովի գործունեության հիմնական արդյունքները:

Հարուցվել է 186 վարույթ, ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության ոլորտում

Համաձայն ամփոփված տվյալների՝ անցնող տարում հանձնաժողովը մրցակցության օրենսդրության խախտման հատկանիշներով ընդհանուր առմամբ 186 վարչական վարույթ է հարուցել, որից ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման հատկանիշներով՝ 78 վարույթ: 2021 թվականին ՄՊՀ-ն նաև հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ 2, գերիշխող դիրքի չարաշահումներով՝ 15, համակենտրոնացման հայտարարագրման՝ 26, չհայտարարագրված համակենտրոնացման՝ 11, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների՝ 4 , պետական գնումների ոլորտում 13, տեղեկատվության չտրամադրման կամ ժամկետից ուշ տրամադրման մասով՝ 26, օրենքի խախտումները շտկելու հանձնարարականի չկատարման վերաբերյալ՝ 5 և վարչական բողոքների 6 գործ է քննել:

Համակենտրոնացումների 3 խոշոր գործարք. բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ 2021 թվականին համակենտրոնացման երեք խոշոր գործարքի թույլտվություն է տրամադրվել հանքարդյունաբերության, բենզինի և հեռահաղորդակցության շուկաներում: ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի շուրջ 60 տոկոս փայաբաժինը: Մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի բենզինի շուկայում. «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները: Ընկերությունները վրացական կապիտալով են, հանդիսանում են «GULF» ապրանքային նշանի իրավատերը: «ՀԷՑ» ՓԲԸ-ն և մեկ ֆիզիկական անձ ձեռք են բերել «Ռոստելեկոմ» ընկերության բաժնետոմսերը:

ՄՊՀ-ն աչալուրջ է լինելու պետական մարմինների հակամրցակցային գործողությունների և պետական գնումների ոլորտի նկատմամբ

ՄՊՀ նախագահը շեշտել է, որ աչալուրջ են լինելու պետական մարմիններում տեղի ունեցող հակամրցակցային գործողությունների և պետական գնումների ոլորտում մրցակցային խնդիրներին, ինչը դրական ազդակ է բիզնեսին և հանրությանը, որ ՄՊՀ–ն հանձնառու է իր ինքնավար մարմնի կարգավիճակով պայմանավորված գործառույթների իրականացմանը: Մասնավորապես այս տարի հանձնաժողովը համընդհանուր վերլուծությունների արդյունքում հնարավոր մրցակցային խնդիրներ է հայտնաբերել թղթի ձեռքբերման պետական գնումների փաստաթղթերում և դիմել է պետական մարմիններին, որպեսզի չսահմանվեն այնպիսի չափանիշներ, որոնք կնվազեցնեն մասնակիցների քանակը: Քննության ընթացքում են ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հարուցված և պետական լաբորատորիաների ոլորտի մրցակցային խնդիրներին առնչվող վարույթները:

Հակամրցակցային համաձայնություններ և գերիշխող դիրքի չարաշահում ձվի, օնլայն առևտրի և այլ ոլորտներում
Հակամրցակցային համաձայնությունների կնքման և գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշներով վարույթներ են քննվել օնլայն տիրույթում առևտրային գնումների ոլորտում և ձվի շուկայում: Ընթացքում են ՊՇՌ թեստավորումներ իրականացնող լաբորատորիաների նկատմամբ հարուցված վարույթները:

Անբարեխիղճ մրցակցություն. կաթնամթերքի շուկայում իրավիճակն էականորեն բարելավվել է
Անբարեխիղճ մրցակցության դաշտում այս տարի հանձնաժողովը երեք ուղղություն է թիրախավորել: Համալիր ուսումնասիրություն է կատարվել բիո, օրգանիկ, էկո և այլ համարժեք տերմինների մակնշմամբ ապրանքների վաճառքի մասով, որի արդյունքում 32 վարույթ է հարուցվել, 26-ի դեպքում պատասխանատվության միջոցներ են կիրառվել: 12 վարույթ է հարուցվել մսամթերքի շրջանառության ոլորտում, որից 10-ի դեպքում տնտեսավարողներն ընդունել են իրավախախտման փաստը, որոնց մինչև հունվար ժամանակ է տրվել խախտումները շտկելու համար: ՄՊՀ նախագահը փաստեց, որ կանթամթերքի շուկայում հայտնաբերված խախտումները չնչին են՝ ի տարբերություն 2019 թվականին կատարված ուսումնասիրությունների:

Այս տարի հանձնաժողովն ապրանքային շուկայի ուսումնասիրություններ է իրականացրել թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, դեղերի շրջանառության, առևտրային ցանցերի և ախտորոշիչ ծառայությունների ոլորտներում: Անդրադառնալով համակարգային բարեփոխումներին՝ ՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կողմից շուրջ 40 իրավական ակտեր են ընդունվել, ավարտին է մոտենում թվայնացման գործընթացը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031