Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստում 36 կողմ ձայնով հաստատեց Երեւանի 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը դժգոհություն հայտնեց, որ բազմաթիվ իր առաջարկներ տեղ չեն գտել բյուջեի նախագծում. «Արդյոք այս բյուջեի նախագիծը որեւէ կապ ունի՞ պատերազմում պարտված եւ պատերազմող պետության մայրաքաղաքի հետ, ես կասեմ՝ ոչ։ 2022 թվականի բյուջեում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ճիշտ հակառակը՝ ունեցանք անթասիբ եւ բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե»:
Ինչպես տեղեկանում ենք նախագծից, Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով՝ 94 միլիարդ 560,201.2 հազար դրամ է, ծախսերի գծով՝ 98 միլիարդ 821,222.9 հազար, պակասուրդն էլ՝ 4 միլիարդ 261,021.7 հազար դրամ։
Արման Անտոնյանը հույս հայտնեց, որ փետրվար ամսին, բյուջեի լրամշակման ժամանակ, իր մատնանշած բոլոր խնդիրները կշտկվեն:
Ի պատասխան, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղաքապետարանի աշխատանքը նման գնահատականի արժանի չէր. «Մի հատ պլանը չհաստատելու համար չի ստացվում, որ անթասիբ բյուջե է, կարծում եմ, որ ճիշտ որակավորում չէ»:
Արման Անտոնյանն ասաց, որ բոլորն էլ գիտեն՝ ինչի մասին է խոսքը. «Եվ գիտեք ինչի արդյունքում օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձ, եւ դրանից առաջ էլ եւ հետո էլ մենք որեւէ դաս չենք քաղել՝ ի դեմս ձեզ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ