Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իզաբելլա Աբգարյանի ձայնը կտրել փորձողների վերջը հեչ լավ չի եղել». Իզաբելլա Աբգարյան

Դեկտեմբեր 28,2021 15:45

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը նույնպես լքել է «Իմ քայլը» խմբակցությունը, իր ելույթում ասաց, որ այսօր պետք է ներկայացներ իր նախագիծը, որով պետք է հարգանքի տուրք մատուցվեր մեծանուն երեւանցի, ֆենոմենալ գրականագետ ու դասախոս Լեւոն Ներսիսյանին, բայց այդ նախագիծը հանվել է օրակարգից, փոխարենը բերվել է Լեւոն Հովհաննիսյանին պաշտոն տալու նախագիծը:

«Տեղի է ունենում արժեհամակարգերի բախում: Երբ մարդն իր պաշտոնի հավակնությունները չի կարողանում ստորադասել թիմի միասնությանը, քաղաքապետի հետ աշխատելու հանգստությանը, դա որակի ու տեսակի մասին է խոսում: Օրենքով հենց քաղաքապետի լիազորությունների շրջանակում էր՝ առաջադրել իր տեղակալի թեկնածությունը, եւ դա բնական էր, որովհետեւ հենց քաղաքապետը պիտի աշխատեր իր տեղակալի հետ ամեն օր եւ պիտի վստահեր այդ մարդուն: Այսինքն, երբ քաղաքապետին հեռացնելու լիազորությունները վստահված է ավագանուն, այդ ժամանակ հիշում ենք, իսկ, երբ առաջադրելու լիազորությունը վստահված էր քաղաքապետին, այդ ժամանակ դա կարեւոր չէր, ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ իմ ասած յուրաքանչյուր բառը ճիշտ էր»,-ասաց տիկին Աբգարյանը:

Նա դիմեց երեւանցիներին՝ պատասխանելով հնչեցվող այն հարցերին՝ արդյոք վայր դնելո՞ւ է ավագանու մանդատը թե՝ ոչ: Ասաց, որ «Իմ քայլը» ցուցակին համաձայնություն է տվել միանալ այն պատճառով, որ ցուցակը գլխավորում էր քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը. «Ես միշտ սատարել եմ քաղաքացու, քաղաքի շահը՝ մշտապես հակառակվելով քաղաքապետի հետ, երբ գտել եմ, որ երեւանցու շահից այս կամ այն հարցը չի բխում: Կարեւոր է, որ երեւանցին իմանա, որ քաղաքապետի կողմից ունեի մանդատ՝ բացելու ցանկացած դուռ, այդ թվում նաեւ Երեւանի քաղաքապետարանում, ցանկացած հետաքննություն անելու, նաեւ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Եվ նման անհրաժեշտություն եղել էր, որին չցանկացավ միանալ «Իմ քայլը» դաշինքը» լսումների ժամանակ»:

Իզաբելլա Աբգարյանի խոսքով, երբ մարդիկ մեղադրում էին քաղաքապետին կոռուպցիոն դեպքերը ոչ բավարար հետաքննելու մեջ, կոնկրետ քաղաքացի Գրիգոր Ութունջյանի դիմումի համաձայն կասկած կար, որ այս շենքում տեղի է ունեցել կոռուպցիոն կամ հովանավորչական գործարք. «Հենց շենքի բնակիչները այս օրերին ինձ ասում էին՝ մենք ձեզ հետ ենք, Հայկ Մարությանի հետ ենք: Դա է կարեւոր, ես գիտեմ, որ ավագանու մանդատը տալիս է Երեւանի քաղաքացին՝ իր քվեով: Տալիս է ոչ թե կուսակցական շահերին, այլ երեւանցու շահերը սպասարկելու համար: Ես դա արել եմ՝ լինեի իշխանական խմբակցության կազմում, թե՝ վերջին շարքում նստած»:

Նա նաեւ ասաց, որ ի տարբերություն ավագանու մյուս անդամների, վերջին մեկ տարում զրկված է եղել աշխատասենյակ, հեռախոս ու ավտոմեքենա ունենալու հնարավորությունից:

«Այսօր տարբեր ֆեյքային էջերից հնչում են պահանջներ՝ վայր դիր մանդատդ, ի՞նչ ես արել, դու դավաճանել ես, ես ուզում եմ իմանաք՝ ես որեւէ մեկին չեմ դավաճանել: Ես իսկապես ցանկանում էի վայր դնել մանդատը, երբ մեծ խնդիրներ էի տեսնում հեղափոխության օրակարգի սպասարկման վերաբերյալ»:

Տիկին Աբգարյանի ելույթին միջամտեց ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լիլիթ Կիրակոսյանը՝ դիմելով քաղաքապետին, որպեսզի միջամտի, քանի որ նրա ելույթի ժամկետն ավարտվել էր: Ի պատասխան Իզաբելլա Աբգարյանն արձագանքեց՝ «Իզաբելլա Աբգարյանի ձայնը կտրել փորձողների վերջը հեչ լավ չի եղել, եւ խնդրում եմ իմ շփումը երեւանցիների հետ չխոչընդոտել»:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ միջամտեց, որ Իզաբելլա Աբգարյանը ելույթը վերջացնի, Աբգարյանը նրան հիշեցրեց՝ տիկին Խաչատրյան, դուք ընդդիմություն եք, մի մոռացեք: Ապա դիմելով երեւանցիներին ասաց՝ ձեր կողմից ինձ վստահված այս մանդատը ես հանձնելու եմ բացառապես այն մարդուն, ում դուք կընտրեք ժողովրդավար, ուղիղ ընտրություններով: Նա ասաց, որ վայր չի դնելու ավագանու անդամի մանդատը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031