Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հոխիկյան. «Հայաստանը կորցնում է սուվերենությունը իր ինքնիշխան տարածքների նկատմամբ»

Դեկտեմբեր 28,2021 15:26

Ազատագրական շարժումը խիստ վտանգավոր է համարում Նիկոլ Փաշինյանի վերջին, իրենց բնութագրմամբ՝ «հակահայկական» հայտարարությունները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը հայտարարեց, որ ստորագրվելիք փաստաթղթով Հայաստանը կարող է հրաժարվել հայկական տարածքներից, այդ թվում՝ Նախիջեւանից եւ Արցախից, ներառյալ՝ Քարվաճառը, Քաշաթաղը, Սանասարը, Կովսականը եւ ներկայացրեց մեր երկրին սպառնացող վտանգների առաջին երեք հիմնադրույթները:

«1918/1920 թվականներին շուրջ 700-800 տարվա անկախության կորստից հետո  Հայաստանի Առաջին Հանրապետությունը, վերջապես, պետականություն ձեռք բերեց եւ միջազգայնորեն ճանաչված որեւէ փաստաթղթով Արցախը, այդ թվում նաեւ՝ Քարվաճառը, Քաշաթաղը, հարավային շրջանները, նաեւ Նախիջեւանը, չեն եղել Ադրբեջանի կազմում, այլ եղել են Հայաստանի Հանրապետության կազմում: Այսօր էլ է այդպես: Եվ գործող միջազգային փաստաթղթերով այդպես է:

Ադրբեջանը ձգտում է անպայման ստանալ Հայաստանի կողմից ստորագրվելիք սահմանագծման եւ սահմանազատման փաստաթուղթ, որպեսզի հասնի նրան, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով ընդունի, ճանաչի եւ վերոնշյալ շրջանները միջազգային նորմերով ճանաչվեն  Ադրբեջանի տարածք: Իսկ մենք լավ գիտենք. Ադրբեջանը 1991 թվի իր անկախության հռչակագրով հայտարարել է 1918 թվականի սահմաններով անկախության հռչակման մասին եւ չի ընդունել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունը: Սա ապացուցում է, որ այսօր միջազգային իրավունքի տեսանկյունից մենք մի քանի քայլ առաջ ենք: Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության ապազգային քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ այդ մի քանի քայլ առաջ իրավական նորմով եւս հետ կընկնենք:

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունները բազմիցս խախտվել են ի վնաս Հայաստանի: Մասնավորապես, հայտարարության 1-ին կետով սահմանված՝ յուրաքանչյուրի իր զբաղեցրած դիրքում մնալու պայմանավորվածությունը Ադրբեջանը բազմիցս խախտել է, հրահրել է ռազմական բախումներ, կան նոր զոհեր եւ նոր ռազմագերիներ: Չի կատարվել նաեւ ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու Ադրբեջանի  պարտականությունը:

Երկրորդ, չի կարելի թույլատրել միջանցք տրամադրել Ադրբեջանին: Ազատագրական շարժումը համարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ քննարկվող Սյունիքի մարզի տարածքով նախատեսվող  հնարավոր ճանապարհները, թեեւ Հայաստանն ասում է ճանապարհներ, Ադրբեջանն ասում է միջանցք, դրանք իրենց տրամաբանությամբ միջանցք են: Որովհետեւ, Հայաստանն էլ չի բացառում եւ ինքն էլ հայտարարում է, որ այդ ճանապարհների անվտանգությունը պիտի ապահովեն երրորդ երկրի զինված ուժերը: Կապ չունի, թե որ երկրի՝ անգամ Հայաստանի բարեկամ երկրի: Եթե որեւէ այլ երկրի զինված ուժեր ապահովում են այդ ճանապարհի վերահսկողությունը, դա նշանակում է՝ Հայաստանը կորցնում է սուվերենությունը իր ինքնիշխան տարածքի նկատմամբ: Սա միայն սուվերենության կորուստ չէ: Հայաստանը կարճ ժամանակում կորցնելու է վերահսկողությունը Սյունիքի ամբողջ մարզի նկատմամբ՝ դրանից բխող հետեւանքներով:

Երրորդ. չի կարելի Ադրբեջանի հետ քննարկել ճանապարհների բացման եւ շահագործման հարց, քանի դեռ նախապես չի լուծվել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: Ադրբեջանում պահվում եւ տանջանքների են ենթարկվում մեծ թվով հայ ռազմագերիներ եւ պատանդներ: Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտականությունները, կրակում է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության վրա, ահաբեկում է Շուշիի մոտով անցնող ճանապարհով երթեւեկող հայերին, Հայաստանի եւ հայերի նկատմամբ պետական մակարդակով իրականացնում է հակահայկական ատելության շարունակական քարոզչություն: Այս պայմաններում ուղղակի հնարավոր չէ Ադրբեջանի հետ քննարկել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, խաղաղ զարգացման ժամանակաշրջան»,-ասաց Նաիրի Հոխիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031