«Դուք ստում եք, տիկին Աբգարյան, որեւէ պառակտում, որեւէ խոսակցություն, նույնիսկ անձամբ, պարոն Մարությանի հետ չեմ ունեցել»,-այսօր ի պատասխան Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցի՝ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը: Ավագանու նիստում քննարկվում էր նրա՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվելու հարցը:
Իզաբելլա Աբգարյանի խոսքով, դեռ երկու տարի առաջ, երբ «Իմ քայլը» խմբակցության հարաբերությունները շատ լավ էին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, Լեւոն Հովհաննիսյանը ցանկացել է զբաղեցնել քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը: Իզաբելլա Աբգարյանը դիմելով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածու Լեւոն Հովհաննիսյանին՝ ասաց. «Ես հիշում եմ, որ խմբակցությունը պառակտվել էր երկու մասի, խմբակցության ղեկավարը, քարտուղարը դեմ էին ձեր առաջադրմանը, դեմ էր նաեւ Հայկ Սարգսյանը, որին պետք է փոխարինեիք: Ավելին, դուք բոյկոտ էիք պատրաստում, որպեսզի տապալեիք ձեր փոխարեն առաջադրված մյուս թեկնածուի ընտրությունը: Եվ բացառապես խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի հսկայական ջանքերով էր, որ այդ օրը բոյկոտ տեղի չունեցավ»: Ապա Լեւոն Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ այդ ժամանակ արդյոք չէի՞ք մտածում, որ դրանով խզում եք քաղաքապետի կապն իր խմբակցության հետ, կառավարության հետ:
Լեւոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Կպատասխանեմ մաքսիմալ անկեղծ. նախ դուք ստում եք, եւ դրա մասին դուք անձամբ գիտեք: Ավելին ասեմ, դուք գիտեք, որ մենք անձնական վատ հարաբերությունների մեջ մինչեւ վերջերս չենք եղել, չնայած միշտ տարբեր սիրուն կարծիքներով փաթեթավորել եք ձեր ֆրակցիայից «թռնելը»: Հետո, մինչ այդ ինչ-որ խնդիրներ, ինչ ակնկալիքներ եք ունեցել, չի բավարարվել, ումից եք նեղացած եւ այլն: Նախ՝ պառակտում չի եղել, ես այն անձնավորությունը չեմ, որ ձեզ նման պաշտոնի ակնկալիք ունենա, հետո չստանա ու սկսի հակառակ բաներ խոսել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ