Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Պապիկյանը գտնվում է ԵՊՀ խորհրդում, որովհետեւ դա իր մայր բուհն է». Վահրամ Դումանյանի փաստարկներից մեկը

Դեկտեմբեր 28,2021 12:53

Լրագրողներից մեկը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ հիշեցնելով Փաշինյանի վերջին ասուլիսում արված այն հայտարարությունը, թե Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել, որ երաշխավորի ԵՊՀ-ի ապակուսակցականացումը, մինչդեռ ինչպե՞ս կարող է կուսակցական առանցքային դեմքերից մեկը՝ լինելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, ապահովել կրթական ոլորտի ապաքաղաքականացումը:

«Դա շատ հանգիստ հնարավոր է, որեւիցե խնդիր չկա …Պարոն Պապիկյանը գտնվում է ԵՊՀ-ում ոչ այն պատճառով, որ կուսակցության խնդիրներ պետք է քննարկի, այլ այն պատճառով, որ ինքը գտնվում է այն բուհում, որն իր մայր բուհն է, որտեղ ինքը սովորել է եւ իր ուսանելու տարիներին բավական ակտիվ է եղել, ինքը բուհում երկար տարիներ է անցկացրել եւ քաջ ծանոթ է ԵՊՀ-ին:

Երկրորդ, պարոն Պապիկյանն այնտեղ է, որպեսզի չլինեն, այնպիսի երեւույթներ, ինչպիսին ունեցել ենք նախկինում… Ժամանակին, օրինակ, ԵՊՀ-ն իր համեստ բյուջեից ամեն տարի 120 եւ ավելի միլիոն դրամ էր փոխանցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, եւ ոչ միայն ԵՊՀ-ն, այլեւ մյուս բուհերը: Այ պարոն Պապիկյանը հենց նրա համար է, որ նման բան չլինի…

Հիմա մենք նաեւ տարկետման մեխանիզմների ավելի նպատակային դարձնելու հարցն ենք քննարկում: Իսկ նպատակային դարձնելով՝ հասկանում ենք այնպիսի կարգ, որ չխախտվի անընդհատ կրթության սկզբունքը՝ որոշ մասնագիտությունների գծով; Վստահ եմ, որ այս առումով էլ շատ լավ է, որ պարոն Պապիկյանը գտնվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում եւ ավելի մոտիկից կծանոթանա իրավիճակին»,-ասաց Վահրամ Դումանյանը:

«Իսկ ինչու ենք խոսում միայն պարոն Պապիկյանի մասին, տիկին Անդրեասյանն էլ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է… Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց… Մեր հայրենակիցներին շատերը մոլորության մեջ են գցում: Յուրաքանչյուր ոք չի տիրապետում այդ երեւույթի մանրամասներին, եւ ովքեր ցանկություն ունեն այլ տրամադրություն ստեղծելու, ասում են՝ դե ի՞նչը փոխվեց, էլի քաղաքական դեմքեր են, այո, ճիշտ են ասում, էլի քաղաքական դեմքեր են, բայց հիմա ամեն ինչ այլ է…Մեր օրենքը, որ ներկայացրել էինք, ԱԺ-ն էլ ընդունեց, հիմա էլ երկրորդ խմբագրված տարբերակն ենք շրջանառել: Այնտեղ հստակ գրված է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդում, բայց օրենքը չանցավ… Մեր գերխնդիրն էր՝ ինչքան հնարավոր է բուհերում արագ ձեւավորել խորհուրդներ, որպեսզի ճգնաժամային իրավիճակից դուրս գանք… Ստիպված էինք իրավական մանյովրներ անել գործող օրենքի շրջանակում, ինչը հեշտ չէր, տարողունակ աշխատանք էր, բայց ի վերջո ձեւավորվեցին բոլոր 16 բուհերի հոգաբարձուների խորհուրդները: Այսօր բուհական համակարգի համար 1 խնդիրը հիմնական աշխատանքով զբաղվելն է, այլեւս շեղող հանգամանքներ չկան…»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031