Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտնականների աշխատավարձերը կարող են մինչեւ 3 անգամ բարձրանալ». Վահրամ Դումանյան

Դեկտեմբեր 28,2021 11:59

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց կատարված աշխատանքները, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, որը մշակույթի գծով ԿԳՄՍ երկրորդ փոխնախարարն է: Նախարարն, ի թիվս այլնի, ասաց, որ 20 բնակավայրերում կառուցվել են մոդուլային մանկապարտեզներ, 10 բնակավայրերում այլընտրանքային ծառայություններ են ներդրվել: Ասաց նաեւ, որ պետբյուջեից մեկ սանի ֆինանսավորման նոր կարգ է հաստատվել:

«Կառավարությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում հանրակրթության բնագավառում»,-ասաց նախարարը: Նա անդրադարձավ դպրոցաշինությանը, որոնց ավելի վաղ առանձին ասուլիսով մանրամասն անդրադարձել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց նաեւ, որ կառավարության որոշմամբ հանրակրթության նոր չափորոշիչներն են հաստատվել, ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգն է ներդրվել:

Հավելեց, որ 7000 ուսուցիչ է վերապատրաստվել, իսկ բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի ուսուցիչների գործուղման կարգի եւ պայմանների, ուսուցիչների եւ սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման էական բարելավում է եղել:

Վահրամ Դումանյանն ասաց, որ հաջորդ տարի տեղի կունենա կենսաբանության միջազգային օլիմպիադա, եւ բազմաթիվ աշակերտներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ նպատակով կժամանեն Երեւան: Անդրադարձ կատարվեց նաեւ Starmus միջազգային փառատոնին, Կայուն դպրոցական սնունդ ծրագրի աշխատանքներին, Ազնավուր հիմնադրամի հետ համագործակցությանը: Նա կարեւորեց միջին մասնագիտական հաստատությունների հավատարմագրման գործընթացը, ասաց, որ վերջին 3 տարիներին 14 մասնագիտություն է անցել այդ գործընթացով, հաջորդ տարի նախատեսվում է եւս 5-ը:

Վահրամ Դումանյանը լրջագույն եւ աննախադեպ որակեց գիտության ոլորտում արված փոփոխությունները, ասաց, որ գիտության բյուջեն ավելացրել է շուրջ 85 %-ով. «Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են ստանում, մինչեւ երեք անգամ կարող են բարձրանալ, գիտության կոմիտեն մշակել է այդ մոտեցումները: Մեր գիտնականները պետք է մոտիվացվեն այդ ֆինանսավորման միջոցով, որպեսզի գիտական կոլեկտիվները նվիրված ձեւով զբաղվեն գիտությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031