Լրահոս
Օրվա լրահոսը

Բակալավրիատում դիպլոմավորման ցուցանիշը 81 տոկոս է կազմում. ՀՀ բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները

Դեկտեմբեր 28,2021 11:48

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:

Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է եղել պարզել, թե բուհ-երի կողմից ձևավորվող մասնագիտական առաջարկը որքանո՞վ է մոտ աշխատաշուկայի պահանջարկին, կամ արդյոք բուհերը իրե՞նք են թելադրում և ձևավորում աշխատաշուկան, որոնք են փոփոխականները, և որոնք են առավել մեծ ազդեցություն ունեցող գործոնները։

Հավաքագրվել են 2013-2016 թվականներին առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունված, այդ թվում՝ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բուհ տեղափոխված և 2017-2020 թվականներին ավարտած ուսանողների թվաքանակի վերաբերյալ քանակական տվյալներ: Հավաքագրվել է նաև 2015-2017թթ. ժամանակահատվածում մագիստրոսի կրթական աստիճանով ընդունված և 2017-2019թթ. մագիստրոսի կրթական ծրագիրն ավարտած ուսանողների, ինչպես նաև ասպիրանտի կրթական ծրագրով 2012-2016 թվականներին ընդունված և սահմանված ժամկետում ատենախոսություն պաշտպանած ասպիրանտների վերաբերյալ վիճակագրությունը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական և միջպետական բուհերում դիպլոմավորման տոկոսը երեք տարիների համար բակալավրի մակարդակում միջինը կազմել է ընդունված ուսանողների 81%-ը կամ հանրակրթության շրջանավարտների 44,6%-ը: Այս ցուցանիշը 13,8%-ով բարձր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջինացված 30,8% ցուցանիշից։

Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտների դիպլոմավորման տոկոսը, ընդունվածների համեմատ, միջինում կազմել է 76% կամ 13,75 % հանրակրթության շրջանավարտների համեմատ, որը համընկնում է ՏՀԶԿ 13,8 % միջին ցուցանիշին։

2013-2014թթ. ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով պետական և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 1533 անվճար տեղ, որից 44,3%-ը հատկացվել է բնական գիտություններին, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա (բգտճմ) մասնագիտություններին: Համապատասխանաբար՝ 2014-2015, 2015-2016 և 2016-2017 ուս․ տարիների 1588, 1584, 1682 տեղերից բգտճմ մասնագիտություններին հատկացվել է անվճար տեղերի 43,6%-ը , 43,4 %-ը, 41,2% -ը: Ներկայում այս ցուցանիշը կազմում է շուրջ 50%: ԿԳՄՍ նախարարությունը մեխանիզմներ է մշակում այդ ցուցանիշը հօգուտ ԲՏՃՄ մասնագիտությունների բարձրացնելու ուղղությամբ։

Հետազոտության մեջ որպես խնդիր նշվում է այն, որ Հայաստանում որոշ մասնագիտություններ տարիներ շարունակ ունեցել են հասարակական պահանջարկ՝ համաշխարհային միտումներին հակառակ։ Այդ մասնագիտություններով մասնագետներ պատրաստվել են բավականին մեծ թվով, օրինակ՝ հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ տարեկան ավարտում է մոտ 430 ուսանող, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 3%-ը, այն դեպքում, երբ տեխնոլոգիական զարգացման հետևանքով այս մասնագիտության պահանջարկը աշխարհում կտրուկ նվազում է։ Մեկ այլ օրինակ` մանկավարժի որակավորում է ստանում տարեկան մոտ 1772 շրջանավարտ, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 13%-ը։ Սա այն դեպքում, երբ մանկավարժի թափուր տեղերի պահանջարկն առկա է հիմնականում սահմանամերձ գյուղերում, այն էլ այն պատճառով, որ շրջանավարտներն ուղղակի չեն ցանկանում աշխատել հեռավոր գյուղերում՝ նախընտրելով ոչ մասնագիտական աշխատանքը մայրաքաղաքում:

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ բուհերում ընդունելության 29%-ը իրականացվում է չորս մասնագիտությամբ՝ մասնագիտական մանկավարժություն, տնտեսագիտություն, կառավարում և իրավագիտություն։ Այս մասնագիտությունները հասարակագիտական ոլորտում են և բգտճմ մասնագիտությունների համեմատ՝ շատ ավելի քիչ ծախսատար են։ Ցածր ծախսատարության պատճառով բուհերից շատերը գերադասում են կրթություն իրականացնել հենց այս մասնագիտություններով։ Իսկ այնպիսի մասնագիտություններից, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, օրինակ՝ վիճակագրություն, տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանություն, բուհերում պատրաստում են քիչ թվով մասնագետներ. դրանց հանրագումարը կազմում է տարեկան 473 շրջանավարտ (բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտների 3,7%-ը): Տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականության, մարդկանց ցանկությունների ալգորիթմների զարգացման հեռանկարի պայմաններում այս մասնագետները ապագայում ունենալու են մեծ դեֆիցիտ ոչ միայն աշխատաշուկայում, այլև զարգացող աշխարհում։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031