«Առավոտը» հաղորդել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ընթացքում մեր լրատվամիջոցի հարցն անտեսվեց: Չնայած ասուլիսի ընթացքում հնչեց, ասենք, «Հեղափոխության պահապանների» հարցը, որ ոչ ԶԼՄ է, ոչ էլ ՀԿ: Հնչեցին նաեւ հարցեր տելեգրամյան ալիքների կողմից, որոնք ՔՊ-ն իր օրենսդրական նախաձեռնությամբ բնորոշում էր իբրեւ «չնույնականացված աղբյուրներ»: Փոխարենը չեն հնչել նաեւ այլ լրատվամիջոցների հարցերը: Ներկայացնում ենք հատվածներ երկու հրապարակումներից:
Ներկայացված կարգին համապատասխան, 168.am-ը նշված էլեկտրոնային հասցեին ուղարկել է հետևյալ մեկ հարցը.
«Օրերս Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել եք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին և հանդես եկել ելույթով: Ինչո՞ւ մամուլին չեք տրամադրում Ձեր ելույթի ողջ տեքստն ու տեսաձայնագրությունը»:
Ասուլիսի ընթացքում 168.am-ի հարցն անտեսվեց, այն նույնիսկ չհնչեց: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ուղարկած հարցը թեմատիկորեն առանձնանում էր, չէր կրկնում մյուս հարցերը, սակայն էապես կարևոր էր, քանի որ Նիկոլ Փաշինյանն այս ամիս Բրյուսելում մասնակցել էր ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով, սակայն ՀՀ Կառավարության կայքում տեղադրվել էր այդ մասին կարճ մամուլի հաղորդագրություն՝ առանց ելույթի տեքստի ու տեսաձայնագրության:
Կարդացեք նաև
Ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուղարկված հարցերից եւ ոչ մեկը չհնչեց:
Հրապարակում ենք «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուղարկված երկու հարցերը.
Պարո՛ն վարչապետ, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Ախուրյան, Թալին, Նոյեմբերյան, Վեդի, Գորիս, Բերդ, Վարդենիս և Վանաձոր քաղաքներում (շարքը կարելի է շարունակել), ավագանու ընտրված անդամների նկատմամբ իրականացվում են բռնաճնշումներ, և այդ քաղաքական ճնշումները հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում են հենց այն օրերի հետ, երբ պիտի տեղի ունենան ավագանու նիստեր, որի արդյունքում էլ պիտի ընտրվեն համայնքի ղեկավարներ: Այս նույն հետաքրքիր զուգադիպությամբ նշված համայնքներում ՔՊ կուսակցությունը չի հավաքել 50+ ձայն: Դուք ժամանակին քննադատում էիք քաղաքական հետապնդումները, սակայն հիմա Դուք եք նման հրահանգ տալիս: Ի՞նչ է փոխվել, որ որոշել եք պատժել ՔՊ-ին հաղթած թեկնածուներին:
Պարոն վարչապետ, Վրաստան այցի ժամանակ դուք խոսեցիք Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին, Արմեն Գրիգորյանը կարեւորել է Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկման մասին: Ի վերջո, կմանրամասնեք՝ ինչ է սպասվում այս առումով ապագայում: Ձեր խոսքից պարզ չէ՝ դա միայն Ձեր ցանկությունն է, թե այն համաձայնեցված է մյուս երկրների ներկայացուցիչների հետ: Ո՞ր երկրներն են մեզ հետ դաշնակից այս հարցում եւ ի՞նչ խնդիրներ կան: