Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դա էր դրված բանակցության սեղանին

Դեկտեմբեր 28,2021 10:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասում է, որ 2018 թվականի մայիսին, երբ ինքը եկավ իշխանության, բանակցային սեղանին դրված էր մի փաստաթուղթ, ըստ որի, Հայաստանը պետք է միանգամից հանձներ նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող 7 շրջանները, ինչպես նաեւ՝ Շուշին ու Հադրութը, եւ ճանաչեր Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: ՀՀԿ-ականներն ասում են, որ նման փաստաթուղթ բանակցությունների սեղանին դրված չէր: Պարզ է, որ կողմերից մեկը մեզ խաբում է: Ինչպե՞ս հասկանալ, թե ով է ստում: Ինձ թվում է, կա մեկ շատ պարզ տարբերակ. հրապարակել այդ փաստաթուղթը, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհաստատեն, որ այդ փաստաթուղթն իրական է, եւ հարցը դրանով կփակվի: Գոնե դրա՛ մասին այլեւս ոչ մի վեճ (մասնավորապես՝ խորհրդարանում) չի առաջանա:

Եթե պարզվի, որ ճիշտ են ՀՀԿ-ականները, ապա ներկայիս իշխանությունը պետք է բացատրի, թե ինչու չէր շարունակում բանակցել այդ փաստաթղթի շուրջ: Ուզում էր ստանալ ավելի՞ն, քան, պայմանականորեն ասած, «Լավրովի պլանն» էր: Կամ գուցե Ադրբեջա՞նը չէր համաձայնում դրան:

Եթե պարզվի, որ ճիշտ է Փաշինյանը, ապա նա պետք է բացատրի, թե ինչու էր մինչեւ նոյեմբերի 9-ը խրոխտ հայտարարություններ անում՝ հայտարարություններ, որոնցում ակնարկ անգամ չկար, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն այլընտրանք չկա: Տես, օրինակ, «HARDtalk» հաղորդաշարին հարցազրույցը, որտեղ նա կտրուկ հրաժարվում էր ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Ինչի՞ վրա էր հույսը դրել պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ, եթե վիճակը, ըստ նրա հիմիկվա ասածի, 2018 թվականին վերջնականապես տապալված էր: Հաշվի առնելով վարչապետի՝ այն ժամանակվա մեծ ժողովրդականությունը՝ հեղափոխությունից հետո, կարծում եմ, որ նա հնարավորություն ուներ դիմելու ժողովրդին եւ ասելու՝ «սիրելի ժողովուրդ, սրիկա «նախկինները» ահա այսպիսի փաստաթուղթ են թողել, ես ուրիշ տարբերակ չունեմ, բացի դրան համաձայնելը, Արցախը Ադրբեջան է, եւ վերջ»: Ենթադրում եմ, որ կստանար մեծամասնության աջակցությունը: Կարծում եմ նաեւ, որ ավելի մեծ աղետ, քան տեղի է ունեցել պարտված պատերազմի արդյունքում, չէր լինի: Այսինքն՝ եթե վարչապետը ճիշտ է ներկայացնում բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, ապա ստացվում է, որ իր ամբիցիաների, «դավաճան» չհռչակվելու, ֆեյսբուքում «լայքեր» ստանալու համար նա չի խնայել 3700 հայորդիների կյանքը:

Հիմա էլ, այդ սարսափելի կորստից հետո, երբ Փաշինյանն ասում է, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, դա հասարակության մեծ մասի կողմից հանգիստ է ընդունվում, եւ կասկած չկա, որ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու դեպքում էլ ժողովրդական մեծ ընդվզում չի լինի: Ի՞նչ է դրան հետեւելու. սահմանազատում եւ սահմանագծում, որով Ադրբեջանին են թողնվելու նույնիսկ խորհրդային քարտեզներով Հայկական ԽՍՀ-ին պատկանող տարածքները, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար երկաթուղու կառուցում, որից մենք որեւէ օգուտ չենք ունենա, Թուրքիայի հետ «արձանագրությունների» նման մի փաստաթղթի ստորագրում: Դրանից հետո, շատ հնարավոր է, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեն, որ իրենք արդեն ամեն ինչի մասին պայմանավորվել են, ու Արցախում ռուս խաղաղապահներ այլեւս պետք չեն: Էլ չշարունակեմ…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    Շատ հստակ ամեն ինչ շարեցիք իր տեղերով պարոն Աբրահամյան։ Ավելի հստակ գրել անհնար էր։

  2. Garo says:

    Պարզա որ Նիկոլին չի կարելի հավատալ: Օրինակ ասումա գենշտաբի պետը ինձ զեկուցել էր, որ կջախջախենք: Հիմա արդարանումա որ իրեն խաբել են, սխալ են զեկուցել:
    Իսկ միգուցե բանակցային փաստաթղթերի մասով էլ իրեն սխալ են զեկուցել՞

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031