Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջարկվող թեկնածուների հարցը: «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր Մանվել Բադալյանի թեկնածությունը:
ՔՊ-ականները փորձում էին խնդիրներ գտնել՝ Բադալյանին մերժելու որոշումն արդարացնելու համար՝ է՛լ նկատելով, որ ոլորտում աշխատանքի փորձ չունի, է՛լ մատնանշելով, որ դասախոսություն անելիս թեմայից շեղվում է ու սկսում քաղաքական գնահատականներ տալ, նախորդ իշխանությունների գովքն է անում:
Մանվել Բադալյանը հերքեց՝ ասելով. «Ես դասավանդում եմ հանրային կառավարում առարկան, դա այն առարկան է, ուսանողիս էլ եմ ասում, որ ես քիմիա չեմ դասավանդում, որ գրեմ՝ H2SO4: Ուզենք, թե չուզենք կառավարման համակարգը քննարկում ենք: Նախորդ իշխանությունների գովքը ես լսարանում երբեք չեմ արել: Կառավարման ակադեմիայում նախորդ իշխանությունների ժամանակ ավելի ազատ ու անկաշկանդ եմ քննադատել նախորդ իշխանություններին՝ պաշտոնյա լինելով: Ես եմ կառավարության նիստում հնչեցրել, որ կուսակցությունները մի դարձրեք աշխատանքի բորսաներ: Կառավարման հետ կապված կան գնահատականներ, որ ես իրավունք չունեմ չտալ, բայց դա չի նշանակում գովք անել նախորդ իշխանություններին»: ՔՊ-ականները տեղորոշեցին, թե երբ ու որտեղ է արել նախորդ իշխանությունների գովքը. «Սաթիկ Սեյրանյանի մոտ, հաղորդման ժամանակ»:
Մանվել Բադալյանն էլ պատասխանեց. «Դա լսարանում չի, չէ՞: Բա ես քաղաքացի եմ, ունեմ իմ քաղաքական դիրքորոշումները: Մենք խոսում ենք բազմակարծության մասին, նաեւ արտահայտվելու իրավունքի: Այդ հանձնաժողովին անդամակցությունը ենթադրում է քաղաքական զսպվածություն, ես դա գիտակցում եմ, որ քաղաքական խոսք չի կարելի ասել»:
Կարդացեք նաև
2 «կողմ», 5 «դեմ» ձայներով Մանվել Բադալյանի թեկնածությունը չառաջադրվեց:
ՔՊ-ից առաջադրվել էր բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Նա 1991-96թթ եղել է մշակույթի նախարար: Նրան ներկայացրեց Գուրգեն Արսենյանը՝ նշելով կենսագրական տվյալները, գործունեությունը: Հակոբյանն իր ելույթում նշեց, որ մեր երկրի համար խառը եւ հակասական այս ժամանակներում արտակարգ կարեւորում է ԶԼՄ-ների դերը: Հակոբյանի թեկնածությունը 6 «կողմ» ձայնով հաստատվեց հանձնաժողովում:
ՔՊ-ի կողմից առաջադրված մյուս թեկնածուն «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն է: Նա սկսեց պատմել, թե Կոմիտասի շարականների հետ ինչքան սերտ առնչություն ունի՝ տեսլականը ներկայացնելու փոխարեն: Ասաց, որ լրագրողներն իրեն հարցրել են, թե կադրում ո՞նց պիտի պահի մարդ իրեն, ինքն էլ այսպիսի դիրքորոշում է ներկայացրել՝ «պահիր քեզ՝ ինչպես ուրիշի տանն ես պահում, որովհետեւ մտնում ես անծանոթ մարդկանց տուն»:
«Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ասաց, որ Մանվել Բադալյանին մերժեցին՝ ասելով, թե քաղաքական մարդ է, իսկ Արթուր Մանուկյանն էլ կուսակցական մարդ է, ինչպե՞ս է անկախ մարմնում աշխատելու: Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ կուսակցական գործունեությունը կդադարեցնի. «Եթե անցնեմ, երդվելու եմ, որ լինելու եմ անաչառ: Դուք ՀՅԴ-ական եք, երդվելը կարեւոր է ձեզ համար: Ես կերդվեմ, դուք կորոշեք՝ անկե՞ղծ եմ, թե՞ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ