Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Սյունիքի մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը մի պահ ընդհատվեց ավտոմեքենաների ձայնային ազդանշաններով եւ հայտարարվեց, որ Ձմեռ պապն է մտնում հրապարակ։ Վերջինս Կապան համայնքին ջրցան ու աղբատար ավտոմեքենաներ էր բերել։
Թե ո՞վ էր համայնքապետարանից նամակ գրել Ձմեռ պապին ու ով էր նա՝ Aravot.am-ի հարցերին այդ օրը Կապանի համայնքապետարանից չպատասխանեցին։ Երկուշաբթի պարզվեց, որ ոչ ոք նամակ չի գրել Ձմեռ պապին, իսկ բարի Ձմեռ պապը գործարար Գարիկ Ղազարյանն է, որը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի ընկերն է։ Գործարարը համայնքին նվիրել է 1 ջրցան ավտոմեքենա, 2 աղբատար ավտոմեքենա եւ 100 հատ աղբաման։
«Գարիկ Ղազարյանը իմ ընկերն է ու միշտ իմ կողքին է։ Նա շատ լուրջ ներդրում ունի Կապան համայնքի կայուն զարգացման գործում թե՛ պատերազմի օրերին, եւ թե հետպատերազմյան ժամանակ»,-ասում է Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ «Ընկերոջս՝ Գեւորգ Փարսյանի վերընտրվելու կապակցությամբ որոշեցի նվեր անել համայնքին։ Ես իմ հնարավորությունների սահմաններում միշտ կանգնած կլինեմ թե՛ Փարսյանի, թե՛ կապանցիների կողքին»,-ասում է Գարիկ Ղազարյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ վերջինիս ղեկավարած ընկերությունը 44-օրյա պատերազմի օրերին մեծ աջակցություն ցուցաբերեց բանակին։ Բացի դրանից, Գարիկ Ղազարյանը այդ օրերին միշտ առաջնագծում է եղել։
Ինչ վերաբերում է շռայլ Ձմեռ պապի գաղտնի մնալուն, համայնքապետարանից Aravot.am-ին տեղեկացրին, որ պարզապես ցանկացան տոնի խորհրդավորությունը երկու օր գոնե պահպանել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ