Aravot.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է Ռաֆիկ Մելքոնյանի դիմումը՝ ԲԴԽ-ի կողմից իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու և որպես դատավորի՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ը դիմեց ԲԴԽ-ին՝ Տավուշի մարզի նախկին դատավորի գործով կանչե՞լ են ոստիկանություն, ո՞վ է ներկայացնում ԲԴԽ-ի շահերը գործի նախապատրաստման փուլում հարցով:
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Ռաֆիկ Մելքոնյանն այլևս դատավոր չէ և չեն մեկնաբանում դատավոր չհանդիսացող անձանց կողմից կատարվող քայլերը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը, որի հիման վրա էլ հետագայում հարուցվել է կարգապահական վարույթ և համապատասխան միջնորդություն է ներկայացվել Խորհրդին:
Ի թիվս այլնի, նախարարը նշել է, որ Ռաֆիկ Մելքոնյանը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության ու անաչառության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատավարության մասնակիցների նկատմամբ:
Նախարարը միջնորդության մեջ ներկայացրել է Դատավորի կողմից թույլ տրված արտահայտությունները, որոնք, պայմանավորված իրենց էությամբ, դասակարգվել են պայմանական խմբերի.
Դատավորի անկախ, անաչառ, անկողմնակալ լինելու պահանջը խախտող արտահայտություններ.
«վսյո, էս տղեն կալանավորվում ա», «Իջևանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «դու ինձ թև ու թիկունք էղի՝ թող էտ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորը օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «դու ազատություն ես ստանալու», «քննիչ-բան, դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «դնեմ ձեր համար ամեն ինչը անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի հա՞» և այլն:
Իր՝ որպես Դատավորի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա վարքագծի վերաբերյալ արտահայտություններ.
«մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «տո ուրեմն ընենց կհարցաքննեմ, որ դուք զարմանաք», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ» և այլն:
Քրեական դատավարությանը մասնակցող անձանց (քննիչ, դատախազ, մեղադրյալ, պաշտպան, վկա) նկատմամբ դիտողություններ, նրանց գործունեությունը գնահատող արտահայտություններ.
«էլ ըտենց խաղեր մի տվեք», «ըտե խաղեր ես ոնց որ տալիս», «դու քեզ ի՞նչի տեղ ես դրել», «խաբում ես», «տե՞ղը չես բերում», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռաս իմ վրա», «ծնգլ արիք», «մզցրիք, այ ախպեր», «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը», և այլն:
Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվող ուղղված դիմելաձևեր.
«արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպերտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը»։
Դատական կարգադրիչին տրված հանձնարարություններ.
«պաբիրոզ-մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը, ծխեմ», նաև ծխել է:
Դատավորը նաև հիշատակել և քննարկել է գործի հետ առնչություն չունեցող մի շարք թեմաներ:
Նախարարը նշել է, որ Դատավորը իրեն վերագրվող խախտումները թույլ է տվել դիտավորությամբ, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը 26.10.2020թ. նիստի ընթացքում հայտարարել է, որ նիստի արձանագրության հիման վրա իրեն կարող են աշխատանքից հեռացնել, սակայն դա իրեն ընդհանրապես չի անհանգստացնում:
Ռաֆիկ Մելքոնյանը, անդրադառնալով իրեն վերագրվող խախտումներին, նշել էր, որ ինքն այդ ժամանակ ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, նաև այդ շրջանում անցել է որոշակի բուժում և դատարանում ունեցած իր ոչ համարժեք վարքագիծը ունեցել է բացառապես պաթոլոգիկ պատճառ:
Սակայն Խորհրդի կողմից նշանակված փորձաքննությունների արդյունքում՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը կանխորոշող որևէ հանգամանք չի հիմնավորվել, այլ կերպ ասած նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն ու ախտաբանական փոփոխությունները անձի գիտակցական մակարդակի վրա ազդեցություն չեն ունեցել:
Լուսանկարը՝ Panorama.am-ի