Գյումրու ծննդատանը նախորդ տարվա հետ համեմատ՝ այս տարվա ընթացքում 100-ով ավելացել է ծնունդների թիվը։ Նորածինների մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Հայկուշ Ավետիսյանը։ Նա շտապեց նաև հայտնել ուշադրության արժանի վերջին իրադարձությունը․ երեք օրերի ընթացքում ծնվել են 3 ու 3,5 կիլոգրամ քաշով երկու տղաներ, որոնից մեկը տան 9-րդ զավակն է, մյուսը՝ 6-րդ։
Նրանք դեռ բժիշկների հսկողության տակ են։
Գյումրիի բնակչուհի 40-ամյա Քրիստինա Ղազարյանը երեք օր առաջ է ծննդաբերել 9-րդ զավակին՝ Դանիելին։ Բազմազավակ ընտանիքը 6 տղա և 3 դուստր ունի։ Մեզ հետ զրույցում մայրն ասաց, որ մեծ որդին մոտ օրերս կզորակոչվի բանակ, երկրորդ որդին էլ ՝ մյուս տարի կզորակոչվի։
Քրիստինա Ղազարյանը բազմազավակության կողմնակից է․ ըստ նրա, բոլոր երեխաները Աստծո տված պարգևն են, Աստված նրանցից յուրաքանչյուրին տալիս է իր բաժինը։
Անի խոշորացված համայնքի Ձիթահանքով գյուղի բնակչուհի Արմենուհի Չապանյանի ընտանիքում էլ ծնվել է 6-րդ երեխան։ Նրան անվանել են Արամ, նա ծնվել է 3,5 կիլոգրամ քաշով։ Արմենուհի Չապանյանը 3 տղաներ և 3 աղջիկներ ունի։
Երիտասարդ մայրիկը դժգոհ է պետության՝ բազմազավակ ընտանիքներին ցուցաբերած աջակցությունից։ Նա նշում է, որ բազմազավակությունը, ըստ արժանվույն չի խրախուսվում․ գյուղում աշխատատեղ չկա, ամուսինը չի աշխատում, սկեսուր, սկեսրայրն էլ չեն աշխատում, տանը նաև մեծ տատիկ ունեն՝ 87 տարեկան։ Պետությունը չի օգնում անգամ բազմազավակ ընտանիքի հորն աշխատանքի տեղավորելու հարցում։ Տան միակ ապրուստը երեխաների նպաստն է։
«Գոնե մի աշխատանք լինի, մի բանով օգնեն, տան պայմաններն էլ նորմալ չեն, որ ասենք ամեն ինչ սարքված լինի՝ բաղնիքով, բանով։
5 երեխայի համար 50 հազար դրամ եմ ստացել, հիմա 5 հազար էլ այս երեխայի համար պիտի ավելանա ու վերջ։ 55 հազար դրամով հնարավո՞ր է վեց երեխա պահել, շատ քիչ է, ոչ մի օգնող էլ չունենք։ 4 երեխաներս դպրոցական են, մեծը տաս տարեկան է», -ասում է Արմենուհի Չապանյանը։
Գյումրու ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Հայկուշ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ այս երկու երեխաները ծնվել են առողջ։
«Շատ ուրախ ենք, որ մեր ազգի մեջ 9-րդ և 6-րդ երեխան է ծնվում։ Չնայած մեր ծննդատան պատմության մեջ եղել են 13-ը, 14-ը, իսկական նկարած մայրեր են։ Բոլոր այն մայրերը, որոնք շատ երեխաներ են ունենում, մայրության հատկանիշները նրանց մոտ գերազանցում է», -ասում է Հայկուշ Ավետիսյանը։
Նա մեզ հետ զրույցում, թեև նշեց, որ, բարեբախտաբար, նորածնի ոչ մի մահ չի գրանցվել, սակայն եղել են դեպքեր, երբ մայրը քովիդով վարակված է եղել, երեխան թոքաբորբով է ծնվել։ Տարվա ընթացքում մոտ 20 երեխաների բուժման են տեղափոխել «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ առողջացած դուրս են գրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ