Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ռոմանովսկի. «Դժվար է նկարագրել այն զգացողությունները, էներգետիկան, որը զգում եմ Հայաստանում»

Դեկտեմբեր 27,2021 20:03

Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որն այս տարի կրում էր «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը, ելույթ ունեցավ մեծ համբավ վայելող դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Ռոմանովսկին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նա կատարեց Շոստակովիչի Դաշնամուրի 1-ին և 2-րդ կոնցերտները։

-Ալեքսանդր, Դուք առաջին անգամ չեք Հայաստանում և առաջին անգամ չեք ելույթ ունենում Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում։ Ի՞նչ խորհուրդ ունի այդ ամենը Ձեզ համար։  

-Ցանկացած երաժշտի համար շատ կարևոր են արտաքին ազդակները, որոնք առաջին հերթին կարող են փոխանցվել մեր գործընկերների միջոցով։ Իմ կարծիքով՝ մենք քիչ ենք շփվում տաղանդավոր երաժիշտների հետ։ Ցավոք, այնքան էլ հաճախ չի հաջողվում շփվել մարդկանց հետ, որոնք ունեն իրենց տեսլականը, իրենց մոտեցումը երաժշտությանը, թեկուզ և տարբերվող քո ընկալումներից։ Ահա այդ համատեքստում շատ լավ հարաբերություններ են հաստատվել Սերգեյ Սմբատյանի, սիմֆոնիկ նվագախմբի շատ երաժիշտների հետ։ Այդ հարաբերությունները շատ թանկ են ինձ համար և ոգեշնչում են ինձ։ Իմ յուրաքանչյուր այցելություն Հայաստան շատ հաճելի է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մենք արդեն տարբեր ստեղծագործություններ ենք կատարել՝ Ռախմանինով, Պրոկոֆև, Խաչատրյան։ Եվ ամեն անգամ ես հետաքրքրությամբ սպասում եմ, թե հերթական անգամ ինչ կստացվի մեր համագործակցությունից։

-Ձեր երկացանկում, Խաչատրյանից բացի, կա՞ն հայ այլ հեղինակների ստեղծագործություններ։

-Մինչ այժմ ես կատարել եմ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը և նրա մի քանի այլ գործեր։ Հայ կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ դեռևս իմ երկացանկում չկան, բայց վստահ եմ, որ աստիճանաբար դրանք կընդգրկվեն։

-Մի անգամ Դուք ասել էիք, որ Հայաստանը Ձեզ համար առանձնահատուկ վայր է։ Ո՞րն է այդ առանձնահատկությունը։  

-Ես՝ որպես երաժիշտ և արվեստի մարդ, սովոր եմ ամեն ինչ ընկալել ենթագիտակցության, ինտուիտիվ մակարդակում։ Այդ իսկ պատճառով դժվար է նկարագրել այն զգացողությունները, էներգետիկան, որը ես զգում եմ՝ լինելով Հայաստանում։ Եվ այդ զգացողությունները բխում են այն առանձնահատուկ տարածքից, որտեղ գտնվում է Հայաստանը, պատմական, քրիստոնեական ակունքներից, մարդկանցից։ Ահա սա է պատճառը, որ ես ձգտում եմ գալ այստեղ։

-Եթե չեմ սխալվում, 13 տարեկանում Դուք ուսումը շարունակելու համար տեղափոխվել եք Իտալիա։ Դեռահասի համար ի՞նչ է նշանակում տեղափոխությունն այնպիսի մի երկիր, ինչպիսին Իտալիան է։ 

-Մի կողմից դա աներևակայելի բախտավորություն էր, քանի որ յուրաքանչյուր ստեղծագործ մարդու համար Իտալիայում հայտնվելն իրապես մեծ հաջողություն է։ Այնտեղ նաև ժողովուրդն է յուրահատուկ, քանի որ մարդիկ ապրում և մեծանում են դարերի ընթացքում ստեղծված աներևակայելի գեղեցկությամբ շրջապատված։ Իհարկե, դա անդրադառնում է մարդու աշխարհայացքի, կայացման վրա, ինչը ենթագիտակցորեն դաստիարակում է։  Մյուս կողմից էլ դրանք բավականին դժվար տարիներ էին, քանի որ մենք Իտալիա տեղափոխվել էինք ոչ լավ կյանք փնտրելու համար։ Պատճառն իմ ուսուցիչն էր իմ հայրենի Խարկովից՝ Լեոնիդ Մարգարիուսը։ Այնպես էր ստացվել, որ նա գտնվում էր այնտեղ և հրավիրեց նաև ինձ։ Դա իմ կյանքում իրական շրջադարձ էր, և իհարկե միջավայրն անդրադարձավ ինձ վրա և՜ որպես մարդու, և՜ առաջին հերթին որպես երաժշտի։ Երաժշտության իմ տեսլականը և երաժշտական ստեղծագործությանն իմ մոտեցումը ձևավորվել է այդ մարդու հետ երկար շփման արդյունքում։ Երաժշտություն հնարավոր չէ սովորել մի քանի դաս առնելով կամ էլ դասագրքեր կարդալով, այն հնարավոր է ընկալել, հասկանալ վարպետի հետ շփվելով։

-Դուք ելույթ եք ունեցել մեծաթիվ ունկնդիրների, այդ թվում Հռոմի Պապի առջև։

-Ես այն ժամանակ 20 տարեկան էի։ Երաժշտությունը յուրահատուկ է հենց նրանով, որ հնարավորություն է տալիս հանդիպել տարբեր մարդկանց հետ։ Իրականում առանձնապես մեծ տարբերություն չկա, քանի որ նվագելով դու ընկղմվում ես երաժշտության մեջ ու մոռանում, թե ով է քեզ լսում։ Կոնկրետ այդ պահին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապն էր։ Ինձ համար հետաքրքիր էր ելույթ ունենալ, քանի որ հայտնի է, որ նա էլ է նվագում և սիրում դաշնամուրային երաժշտությունը։ Այս առումով հետաքրքիր էր զգալ նրա արձագանքը, տպավորությունները։

-Դուք նախընտրում եք ելույթ ունենալ մենահամերգո՞վ, թե՞ նվագախմբի հետ։  

-Դրանք միանգամայն տարբեր բաներ են՝ մեդալի երկու կողմերը։ Իհարկե, հրաշալի է, երբ մենակ ես բեմում, և ամեն ինչ քո ձեռքերում է, սակայն շփումը երաժիշտների հետ, գաղափարների փոխանակումը նույնպես շատ կարևոր է, երբ դա տեղի է ունենում բեմում երաժշտության լեզվով։

-Մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում՝ տեխնոլոգիաների և համացանցի պայմաններում։ Ստեղծագործական կյանքում ինտերնետը Ձեզ ինչ-որ հարցերում օգնու՞մ է։

-Առանց դրանց ապրելն այսօր անհնար է։ Տեխնոլոգիաները, համացանցը հզորագույն միջոց են, և պետք է կարողանալ դրանք կիրառել։ Այլ հարց է, որ ոչ միշտ են դրանք օգտագործում բարի նպատակներով։ Իմ կարծիքով՝ այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է մարդու մեջ ճիշտ հիմք դնել, որն օգնում է որոշել՝ ինչն է լավ և ինչը՝ վատ, անկախ նրանից, թե ինչ է քեզ շրջապատում։ Իսկ դա շատ բարդ է, քանի որ մենք շրջապատված են հսկայաքանակ ինֆորմացիայով։ Դա վերաբերում է նաև երաժշտական աշխարհին։

-Դուք Կրայնևի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթի հիմնադիրն եք։ Ի՞նչն է Ձեզ մղել կազմակերպել այս մրցույթը։

-Մի քանի պատճառներ կային։ Ես բախտ եմ ունեցել շատ լավ ճանաչելու պարոն Կրայնևին։ Ժամանակին, երբ շատ երիտասարդ էի, նա նույնպես իր ազդեցությունն ունեցել է ինձ վրա։ Շնորհիվ նրա՝ իմ առջև բացվեցին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի դռները և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիան։ Ես տեսել եմ նրա անսահման սերը երաժշտության, իր աշակերտների, երիտասարդ սերնդի նկատմամբ։ Ինչ-որ մի պահի Ուկրաինայում հնարավոր չէր անցկացնել այդ մրցույթը, Վլադիմիր Սպիվակովի և Տատյանա Տարասովայի հետ որոշեցինք, որ վատ չէր լինի նման մրցույթ կազմակերպել Մոսկվայում, և շնորհիվ Մոսկվայի կառավարության աջակցության՝ դա հնարավոր դարձավ։ Մենք արդեն կազմակերպել ենք 4-րդ մրցույթը, և ամեն տարի մասնակիցների թիվը մեծապես աճում է, ընդ որում, մասնակցում են ոչ միայն ԱՊՀ երկրներից, այլև ամբողջ աշխարհից։ Դա խոսում է այն մասին, որ մեր մրցույթը մեծ ճանաչում ունի և պահանջված է։

-Ինչ-որ մի շրջանում Դուք Ձեր ինստագրամյան էջում ուղիղ եթերում սկսեցիք կարդալ Չեխովի ստեղծագործություններից։  

-Իրականում դա ծրագրված չէր և շատ պատահական ստացվեց։ Առաջին լոքդաունի ժամանակ, երբ ամենուրեք ամեն ինչ փակ էր, որոշակի անորոշություն կար, անհասկանալի էր՝ ինչ անել, կար կյանքի պարադիգմի կտրուկ փոփոխություն։ Եվ ցանկանում էի, որպեսզի ունկնդրի հետ կապը չդադարի։ Անցկացնում էի առցանց համերգներ, դասեր։ Իսկ ազատ ժամանակ ընթերցում էի Չեխովի պատմվածքները, քանի որ իմ կարծիքով դրանց մեջ ամփոփված է մեր կյանքի ամբողջ իմաստը։ Երբ մեզ պատում են որոշակի խնդիրներ, դժվարություններ, Չեխովի ստեղծագործությունները կարդալով՝ ամեն ինչ իր հունն է վերադառնում։ Եվ ես պարզապես ցանկացա այդ ամենով կիսվել իմ հետևորդների հետ. ամեն երեկո մեկ-երկու պատմվածք էի կարդում ու քննարկում դրանք։ Այսպիսով՝ մենք միմյանց հետ ավելի էինք մտերմանում։ Ու դա տևեց մոտ երկու ամիս՝ թույլ տալով հաղթահարել լոքդաունի դժվարությունները։

Ելենա ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031