Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորները չպետք է վախենան որոշում կայացնելուց, թեեւ գործադիր իշխանության նպատակը հենց դա է»․ Զարուհի Նախշքարյան

Դեկտեմբեր 27,2021 19:44

«Տեսեք ո՞ւր ենք հասել, որ հիմա դատավորը պետք է կանգնի ԲԴԽ-ի առաջ եւ ապացուցի, որ հայցադիմումի մեջ գրված է այն, ինչ գրված է»,-ԲԴԽ այսօրվա նիստում հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանը։ Վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն այսօր ԲԴԽ-ում ավարտվեց։

Զարուհի Նախշքարյանը հարցադրում արեց․ «Դատավորը պետք է լուրջ դեմքով կանգնի ու բացատրի՞, բայց չէ՞ որ գրված է ամեն ինչ․․․Ես իրավունք ունեմ մտածելու, որ ԲԴԽ հարգարժան անդամներն, այո, չեն ծանոթանում նյութերին եւ նրանցից ոմանք անգամ գաղափար չունեն, թե մենք այստեղ ինչ ենք քննարկում։ Քննարկում ենք, թե ես այդյոք դո՞ւրս եմ եկել հայցի հիմքի եւ առարկայի սահմաններից, բայց ԲԴԽ անդամ պարոն Վիգեն Քոչարյանը հարցնում է, թե «ներխուժելը» վիրավորական է, թե ոչ։ Երեք ատյան դատարաններում այդ հարցն արդեն քննարկվել է։ Իմ կարծիքն արտահայտվել է դատական ակտով, բայց մենք այստեղ այլ հարց ենք քննարկում․․․մինչեւ որտե՞ղ ենք պատրաստ հասնել»։

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային խորհրդի նախկին նախագահ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել։ Դրան նախորդել էր այն փաստը, որ  2020թ․-ի դեկտեմբերին դատավոր Զարուհի Նաշխքարյանի կայացրած դատական ակտի համաձայն՝ Ստյոպա Սաֆարյանը վիրավորական արտահայտությունների համար պետք է ներողություն  խնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից եւ վճարի փոխհատուցում։  Սաֆարյանի դիրքորոշումն այն է, որ լրագրողին չի վիրավորել։ 2019թ․-ին ՄԱՀՀԻ-ում միջադեպ էր եղել, երբ կազմակերպված քննարկումից առաջ Ստյոպա Սաֆարյանը նախապես հայտարարել էր, որ մի շարք ԶԼՄ-ների մուտքն արգելված է։

Դատավոր Զարուհի Նախշքարյանն արդեն երկու անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել` արդարադատության նախարարության հայցադիմումների հիմքով․ երրորդի դեպքում կզրկվի դատավորի լիազորություններից։ Նա գտնում է, որ այս գործընթացը քաղաքական է եւ դրա հիմքում դատական իշխանության խնդիրները բարձրաձայնելու իր միտումն է։

Այսօրվա նիստում դատավորը նաեւ նշեց․ «Արդեն արձանագրել ենք, որ արդարադատության նախարարն է իրականում որոշում՝ ո՞ր դեպքերում է հայցը ենթակա վերադարձման, որ դեպքերում՝ ոչ, կամ՝ ո՞ր դեպքերում դատավորն ինքնաբացարկ հայտնի, իսկ որ դեպքերում՝ ոչ։ Հասել ենք նրան, որ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ իրեն հետաքրքրող հայցերի հիմքը որտե՞ղ է սկսվում եւ որտեղ վերջանում, որտե՞ղ է դրանց առարկան։ Համարում եմ, որ նախարարն այդ հարցերից եւ որեւէ մեկը չի կարող որոշել։ Չի կարող որոշել նաեւ ԲԴԽ խորհուրդը։ Այդ հարցը դատավորի լիազորությունների սահմանում է։ Եթե ԲԴԽ-ում նման հարցերով քննարկումներ ենք ծավալում, սա լի է ավելի մեծ վտանգներով, որոնք ԲԴԽ խորհուրդը հարմար որոշումներ կայացնելու պահին չի կարող պատկերացնել։ Մինչդեռ դրանք տարիներով գործելու են։ Ես ներկայանում եմ այս բոլոր վարույթներին, թեեւ ինձ չեն հետաքրքրում ԲԴԽ որոշումները, բայց բոլոր դատավորներն ու իրավաբանները պետք է իմանան, որ նախարարի՝ սնանկ պատճառաբանություններով միջնորդությունները չեն կարող կյանք ունենալ։ Անգամ եթե ունեն, ապա դատավորը դրա վերաբերյալ բոլոր պարզաբանումները ներկայացրել է։ Դատավորները չպետք է վախենան որոշում կայացնելուց։ Թեեւ համոզված եմ, որ գործադիր իշխանության նպատակը հենց դա է՝ նման միջնորդություններ բերելով ԲԴԽ։ Համոզված եմ, որ նախարարի առաքելությունը՝ վախեցնել դատավորներին եւ դատական համակարգին, չի հաջողվելու՝ անկախ նրանից, թե այս ջրաղացին ով ջուր կլցնի»։

ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031