Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասավանդելիս թեմայից շեղվում եք ու սկսում քաղաքական գնահատականներ տալ, նախորդ իշխանությունների գովքն եք անում». Նարեկ Բաբայանը՝ Մանվել Բադալյանին

Դեկտեմբեր 27,2021 19:22

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջարկվող թեկնածուների հարցը: «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց Մանվել Բադալյանի թեկնածությունը:

Մանվել Բադալյանը իր ելույթում ասաց, որ խոսքի ազատությունը, ԶԼՄ-ների դերը մշտապես կարեւորվել են ու ինքն էլ պատրաստ է իր նպաստը բերել՝ ոլորտի արդիականացման գործում: ՔՊ պատգամավորները հարցրեցին՝ ՀՌՀ-ում աշխատելիս «դիսկոմֆորտ» չե՞ք ունենա, այդ ոլորտից չեք: Բադալյանը պատասխանեց, որ ոլորտում կան հարցեր, որոնց ինքը կարող է եւ չտիրապետի, բայց անկախ մարմին է հանձնաժողովը ու երկար տարիներ նույն կարգավիճակի մարմին է ղեկավարել, աշխատել ԶԼՄ-ների հետ. «Որեւէ մեկը չի կարող բացարձակ կոմպետենտ լինել, առավել եւս՝ այսպիսի նուրբ համակարգում»:

Կնյազ Հասանովը հարցրեց՝ հեռուստատեսությամբ հաճախ են տեսնում անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ ու եթե նա լինի ՀՌՀ անդամ, այդ երեւույթներն ինչպե՞ս է դիտարկելու: Բադալյանը պատասխանեց. «Վիրավորանքին կտրականապես դեմ եմ, միշտ կողմնակից եմ եղել առողջ, բովանդակային բանավեճի: Միշտ անկուսակցական եմ եղել, իմ պաշտոնավարման ժամանակ չեմ կուսակցականացվել: Վիրավորանքները, հատկապես հեռուստաեթերից, ռադիոեթերից, տպագրական միջոցների կողմից անթույլատրելի եմ համարում ու հանձնաժողովի անդամ լինելու դեպքում պիտի հետեւեմ այդ կանոնին»:

Հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարցրեց, թե Մանվել Բադալյանը ինչպե՞ս է վերաբերվում խոսքի ազատությանը: Նա պատասխանեց, որ խոսքի ազատության գիծ կա, սահման կա ու վիրավորանքի երանգներ չպետք է լինեն. «Այն համոզման եմ, որ ԶԼՄ-ները պետք է մարդուն դաստիարակեն»:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ոլորտում աշխատանքային փորձ եւ հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտում թեկնածուն պետք է հեղինակություն ունենա. «Դուք երբ ասում եք՝ առնչվել եք ռադիոյի կամ հեռուստատեսության հետ, այդ առնչությունը ո՞նց է եղել, զուտ հարցազրույցնե՞ր, ի՞նչ առնչություն ունեք»: Մանվել Բադալյանը պատասխանեց, որ մասնակցել է քննարկումներին՝ տարբեր թեմաներով ու տարբեր խնդիրների շուրջ: Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ ի՞նչ թոք-շոուներ ու հաղորդումներ եք կազմակերպել՝ Մանվել Բադալյանը պատասխանեց, որ նախաձեռնությունը հեռուստատեսություններինն է եղել ու չի կարող ասել, թե ինքն է կազմակերպել. «Արմենիա հեռուստաընկերության հիմնադրման առաջին օրերից այդ թոք շոուները վերաբերում էին համակարգի զարգացմանը, թույլ եւ ուժեղ կողմերին: Եղել եմ ԱԺ պատգամավոր եւ այդ փուլում եւս որոշակի առնչություն ունեցել եմ»:

ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանն ասաց, որ Մանվել Բադալյանն իրեն դասավանդել է ու գիտի, որ նա շատ հաճախ թեմայից շեղվում է ու սկսում քաղաքական գնահատականներ տալ, նախորդ իշխանությունների գովքն է անում. «Դա նաեւ ակնհայտ է ձեր կենսագրությունից: Ձեր քաղաքական դիրքորոշման մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց որ դա դուք անում եք դասավանդելիս, դրա մեջ խնդիր տեսնում եմ»: Նարեկ Բաբայանն ասաց, որ ՀՌՀ-ն ապաքաղաքական կառույց է ու հաշվի առնելով Բադալյանի՝ ոչ լավ քողարկված քաղաքական դիրքորոշումները՝ դեմ է նրա թեկնածությանը:

Թեկնածուների հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031