Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը մի նախագահ էր, որը կուսակցությունների ականջներից բռնած՝ կանչում էր նախագահական նստավայր, ստիպում կոալիցիոն հուշագիր ստորագրել»․Նորայր Նորիկյան

Դեկտեմբեր 27,2021 18:24

Ժողովրդավարությունից Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի խոսի, այդ մասին ես կարող եմ խոսել. Aravot․am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն՝ արձագանքելով այսօր տեղի ունեցած ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիրը, ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից, դարձել է տգիտության եւ իրավական բեսպրեդելի բաստիոն» հայտարարությանը։

Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել է՝ Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն․ «Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո, դա ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար: Կիմ Չեն Իրը նախանձից կմեռներ: Այսպիսի բան ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել, հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ այն, ինչ կատարվում էր Վանաձորում, Գորիսում, Թալինում, Մասիսում, մի շարք այլ քաղաքներում, ուղղակի անհնար էր հիվանդ երեւակայության պարագայում անգամ ենթադրել, որ հնարավոր է: ․․․Դատախազություն դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը, այլ ոչ թե օրենսդրության ու Սահմանադրության»։

Նորայր Նորիկյանը համամիտ է Քոչարյանի հետ, որ երկրում իրավական «բեսպրեդել է․ «Որովհետեւ եթե իրավական «բեսպրեդել» եւ անպատասխանատու համակարգ չլիներ, Քոչարյանն ի՞նչ գործ ուներ ազատության մեջ, եւ ինչո՞ւ չպետք է պատասխան տված չլիներ իր կատարած արարքների համար։ Ժողովրդավարության հետընթացի առումով ես էլ մտահոգությունն ունեմ»։

Նորիկյանի խոսքով՝ մեր հանրության մեջ մի խորը թյուրիմացություն կա, թե հուլիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ժողովրդավարությունը հաղթել է եւ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել․ «Իհարկե, տարբեր մարդիկ եւ տարբեր քաղաքական ուժեր այլ ընկալում ունեն, բայց ես գնալով համոզվում եմ, որ մենք գտնվում ենք խորը ինքնախաբեության մեջ հետեւյալ համատեքստում՝ հուլիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը 200 հազար ձայն պակաս է ստացել 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների համեմատ, եւ քաղաքականապես զրո, որեւէ քաղաքական ազդեցություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է խորհրդարանում իր հետ տանելով 29 խորհրդարանականի, ստանձնելով խորհրդարանական ընդդիմության առաջնորդի կարգավիճակը։ Բնականաբար, խաթարված ժողովրդավարության պայմաններում է կատարվել։ Եթե չլիներ այդ խաթարումը, երեք տարվա մեջ իշխանությունից հեռացված եւ մերժված նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չէր կարող գործող խորհրդարանում ունենար խմբակցություն։ Նախորդ ռեժիմների առաջնորդները նորմալ ժողովրդավարական երկրի պայմաններում չէին կարող ստանալ ժողովրդի վստահությունը եւ ստանձնել խորհրդարանական ընդդիմության կարգավիճակը։ Սա քաղաքական դաշտն, ըստ էության, ամայացնելու միջոց է։ Այս առումով ես կիսում եմ Քոչարյանի մտահոգությունը, որ ՀՀ- ում ժողովրդավարական գործընթացները կամ չափանիշները շատ վատ վիճակում են»։

Ապա Նորայր Նորիկյանը հիշեցրեց Քոչարյանի կառավարման տարիները․ «Ռոբերտ Քոչարյանը մի մարդ է, որը խոստովանել է, որ ինքն էր կազմում խորհրդարանի ցուցակները՝ կանչում էր կուսակցությունների նախագահներին եւ ինքն էր որոշում, թե որ կուսակցությունից որ անդամը պետք է դառնար պատգամավոր։ Ռոբերտ Քոչարյանը մի նախագահ է եղել, որը երկու անգամ չընտրվելով ՀՀ ժողովրդի կողմից, ինքը տարբեր կուսակցությունների ականջներից բռնած կանչում էր նախագահական նստավայր եւ ստիպում էր կոալիցիոն կառավարության հուշագիր ստորագրել, եւ ինքն էր որոշում, թե այդ կուսակցությունների առաջնորդներից ով պետք է լինի ԱԺ նախագահ, փոխնախագահ,վարչապետ եւ այլն։ Ռոբերտ Քոչարյանը մի մարդ է եղել, որը տասը տարի ղեկավարելով Հայաստանը՝ հիմա էլ ընդդիմության առաջնորդ է, բայց որեւէ կուսակցության անդամ չի եղել, այսինքն, դասական առումով, քաղաքական գործիչ չէ նա։ Ու հիմա այս մարդը խոսում է ժողովրդավարությունից։ Իհարկե, այսօրվա գործընթացներից ելնելով, այնպես չէ, որ այսօրվա իշխանությունները փայլում են իրավական, օրինական վարքագծով։ Բնականաբար, ՏԻՄ ընտրություններում բավականին լկտի դրսեւորումների ականատես եղանք, ականատես եղանք, թե ինչպես հանրապետականների ցուցակը մի օրում դարձավ «Քաղաքացիական պայմանագիր», ու հաղթեցին, ինչպես մի քանի տեղերում ՔՊ-ի անվան տակ հաղթեցին հանրապետականները, գործող իշխանությունն էլ իրեն վերագրեց։ Այս ամենը հասկանալի է, բայց այդ մասին ես կարող եմ խոսել, Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի այդ մասին խոսելու։ Սա է աբսուրդն ու անբարոյականությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Հա մենակ քո պես 0,01տոկոս հավաքած, նիկոլի մոտ ընդիմության ընդիմություն աշխատողները իրավունք ունեն խոսան։

  2. Mika says:

    Խայտառակ քծնանք, ամոթ է սպիտակ մազերիցդ ամաչի, էս խեղկատակի ինչն ես պաշտպանում, ողորմելի ճամարտակություն է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031