Բարձրագույն դատական խորհուրդն այսօրվա նիստում որոշեց դատավոր Զարուհի Նաշխքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի միջնորդությունը՝ լրագրող Թագուհի Ասլանյանին եւ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին որպես վկա կանչելու վերաբերյալ, մերժել։ Ապա Սիրանուշ Սահակյանը միջնորդեց Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ գործով նշանակել լեզվաբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե Ստյոպա Սաֆարյանի արտաբերած՝ «Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, որքան դուք, ներխուժել ձեր բնակարան» նախադասությունն ի՞նչ քերականական իմաստ ունի, թե «լկտի» բառին ի՞նչ արժեքային գնահատական կարելի է տալ՝ առանց հաշվի առնելու դրա կապը «ներխուժել»-ի հետ։ ԲԴԽ-ն այդ միջնորդությունը եւս մերժեց։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային խորհրդի նախկին նախագահ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել։ Դրան նախորդել էր այն փաստը, որ 2020թ․-ի դեկտեմբերին դատավոր Զարուհի Նաշխքարյանի կայացրած դատական ակտի համաձայն՝ Ստյոպա Սաֆարյանը վիրավորական արտահայտությունների համար պետք է ներողություն խնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից եւ վճարի փոխհատուցում։ Սաֆարյանի դիրքորոշումն այն է, որ լրագրողին չի վիրավորել։ 2019թ․-ին ՄԱՀՀԻ-ում միջադեպ էր եղել, երբ կազմակերպված քննարկումից առաջ Ստյոպա Սաֆարյանը նախապես հայտարարել էր, որ մի շարք ԶԼՄ-ների մուտքն արգելված է։
Դատավոր Զարուհի Նախշքարյանն արդեն երկու անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել․ երրորդի դեպքում կզրկվի դատավորի լիազորություններից։ Նա գտնում է, որ այս գործընթացը քաղաքական է եւ դրա հիմքում դատական իշխանության խնդիրները բարձրաձայնելու իր միտումն է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ