Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախկին Խորհրդային Միության տարածքում թուրքական քոլեջներն ավելի շատ են, քան բուն Թուրքիայում, եւ դա նրանց ծրագիրն է». Կարինե Գեւորգյան

Դեկտեմբեր 27,2021 18:20

«Իմ կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս թե ղեկավարությունը, թե ընդդիմությունը էթնիկ եւ ազգային ուղղվածության խնդիրները հասկանում են: Հարց է, թե ինչու վերջին տարիներին, հատկապես 2018 թվականից հետո, իսկ հիմա դա ավելի վառ է դրսեւորվում, Էրդողանը սրում է ազգային հարցը: Նրա հնարավորությունները 50-50 են. կամ կշահի, կամ կկորցնի: Կայսրությունները փլուզվում են: Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը դրա վկայությունն է: Բրիտանիան երկընտրանքի առջեւ է՝ տեղափոխվել երկրորդ էշելոն, որտեղ, ի դեպ, Թուրքիան է, կամ բարձրանալ բարձրագույն խումբ: Այլ տարբերակ չկա: Բրիտանիան թուրքական քաղաքականության օպերատորներից մեկն է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր ասաց քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը:

«Թուրքիան ծրագիր ունի: Եվ որքան էլ ասենք, թե չի ստացվի, դա ընդամենը ցանկություն է: Թուրքերը վաղուցվանից աշխատում են եւ այդ ծրագրի վրա մեծ ծախսեր են անում: Նախկին Խորհրդային Միության տարածքում թուրքական քոլեջներն ավելի շատ են, քան բուն Թուրքիայում: Քաջատեղյակ իմ գործընկերները կհաստատեն, որ Թուրքիայում ազգաբնակչության կրթամակարդակը ավելի ցածր է, քան թյուրք ժողովուրդների, այդ թվում՝ նաեւ Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ ու Յակուտսկ իրենց կրթական կենտրոնների: Այդպիսիք ամենուր են: Նրանք յուրացնում են եվրասիական տարածքը եւ լուրջ ներդրումներ են անում: Որքան տեղյակ եմ, նրանք հիմա լրջորեն զբաղվում են լեզուն տարածելով: Ես տեսնում եմ, որ Թուրքիային պատրաստ են աջակցել Բրիտանիան, Էմիրությունները, որոշ չափով՝ Քաթարը: Ճապոնացիներն են լրջորեն աջակցում, որովհետեւ Թուրան ծրագիրը նրանց համար ոչ միայն հյուսիսային տարածքները, այլեւ Սախալինը հետ վերադարձնելու հնարավորություն է»,-ասաց տիկին Գեւորգյանը:

Նրա համոզմամբ, Թուրքիային կօգնեն, փող կտան: Քաղաքագետը վստահ է, որ Թուրքիան շատ հմուտ է աշխատում: Ահաբեկիչներ ունի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաեւ Անդրկովկասում՝ Վրաստանում, իսկ Նախիջեւանում՝ մոտ 8000, որոնց պետք է կերակրել: Մեր տարածաշրջանում դա անում է Ալիեւը:

«Տնտեսությունը փրկելու համար Թուրքիային հիմա $ 50-60 միլիարդ է հարկավոր ու կարծես Էմիրությունները տալիս է: Ինչ-որ բան տալիս է Քաթարը, ինչ-որ բան՝ Ճապոնիան: Այո, Էրդողանը շատ մեծ ռիսկի է գնում եւ. հնարավոր է, ստեղծված իրավիճակից գլուխ հանի: Բայց մինչեւ երբ ռուսական արջը արթնանա եւ որջից դուրս գա իր ավելի գրավիչ ծրագրով, քան Թուրանն է»,- վստահեցրեց Կարինե Գեւորգյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031