Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստում դատավորի շահերի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հրապարակեց լրագրող Թագուհի Ասլանյանին հղված գրավոր հարցման պատասխանը, որում նա նշել է․ «Ես վիրավորական եմ համարել երկու տարբեր արտահայտություններ՝ «լկտի ներխուժում» եւ սաունաների հրավերի մասին արտահայտությունները։ Իմ հայցի փաստական հիմքը կազմել են ոչ թե առանձին բառերը, այլ արտահայտած միտքն ամբողջության մեջ։ Հայցի հիմքում մենք դրել ենք Սաֆարյանի արտահայտած երկու մտքերն ամբողջությամբ»։
Լրագրողը շեշտել է՝ տեսագրությամբ հիմնավորել են, որ ինքը չի ներխուժել ՄԱՀՀԻ, ինչպես Ստյոպա Սաֆարյանն է պնդում, եւ այդ հիմքով Սաֆարյանի կողմից իրեն ներխուժման արարք վերագրելն իրավական հիմքից զուրկ է։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային խորհրդի նախկին նախագահ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել։ Դրան նախորդել էր այն փաստը, որ 2020թ․-ի դեկտեմբերին դատավոր Զարուհի Նախշքարյանի կայացրած դատական ակտի համաձայն՝ Ստյոպա Սաֆարյանը վիրավորական արտահայտությունների համար պետք է ներողություն խնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից եւ վճարի փոխհատուցում։ Սաֆարյանի դիրքորոշումն այն է, որ լրագրողին չի վիրավորել։ 2019թ․-ին ՄԱՀՀԻ-ում միջադեպ էր եղել, երբ կազմակերպված քննարկումից առաջ Ստյոպա Սաֆարյանը նախապես հայտարարել էր, որ մի շարք ԶԼՄ-ների մուտքն արգելված է։
Ապա Ռուբեն Մելիքյանը հրապարակեց Ստյոպա Սաֆարյանի արտաբերած նախադասությունների վերաբերյալ լեզվաբանական վերլուծություն։ Նախադասություններն ու բառերն այնքան մանրակրկիտ էին վերլուծված, որ թե Ռուբեն Մելիքյանը, թե Զարուհի Նախշքարյանը մի պահ ժպտում էին։ Գագիկ Ջհանգիրյանի արձագանքը եւս չուշացավ։
Կարդացեք նաև
Մասնավորապես, Լեզվի կոմիտեի մասնագետ Եսայի Թադեւոսյանը վերլուծության էր ենթարկել «Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, որքան դուք, ներխուժել ձեր բնակարան» նախադասությունը։ Նա նշել է, որ ըստ ավանդական շարահյուսության՝ նախադասությունը կազմված է ենթակայից եւ ստորոգյալից։ Ենթական է «ես»-ը, ստորոգյալը՝ «կարող եմ գալ»-ը, «ներխուժելը»։ Մասնագետը շեշտել է, որ լեզուներում սովորական երեւույթ է նախադասության ստորոգյալը մեկից ավելի բայերով արտահայտելը․ «Օրինակ՝ գնացքը գնում-գնում, հասնում է Թեհրան»։
Այս խոսքերի վրա կատակասիրությամբ հայտնի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ասաց․ «Թեհրանից այն կողմ չի գնո՞ւմ»։ «Իմ համար էլ է տարօրինակ»,-իր հերթին կատակեց Ռուբեն Մելիքյանը։
Ապա շարունակեց ներկայացնել մասնագիտական եզրակացությունը, ըստ որի՝ «նույնքան լկտի, որքան դուք» շարույթի գլխավոր անդամը «լկտի» մակբայն է, իսկ «նույնքան, որքան դուք» բառաձեւը «լկտի» բառին հաղորդում է գերադրական նշանակություն։ Մասնագետին հարցադրում է հղվել, թե արդյոք «լկտի»-ն վիրավորակա՞ն արտահայտություն է։ Նա պատասխանել է, որ «լկտի» բառին հնարավոր չէ գնահատական տալ՝ առանց հաշվի առնելու դրա շարահյուսական կապը «ներխուժելու» հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ