Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էին հանձնաժողովի 11 անդամներից 7-ը: Առաջարկները վերաբերում էին մի քանի հարցերի:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ կառավարությանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկված հարցումներին, նաեւ Քննիչ հանձնաժողովի անունից ձեռնարկված այլ գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացմանը, որին պետք է հետեւեն ընթացիկ եզրակացություններ:
Նա հիշեցրեց, որ կառավարությանն ուղարկված հարցերը շուրջ 8-ն էին, եւ իրենք ակնկալել էին, որ տեղեկատվությունը կտրամադրվի սեղմ ժամկետում: «Կառավարության անունից մեզ պատասխան է ուղարկել ֆինանսների նախարարությունը եւ կցել է մի շարք նյութեր»,-հավելեց նա: Այնուհետեւ առաջարկեց քննարկել հարցը, թե բովանդակային, ծավալային եւ այլ առումներով որքանով են համապատասխանում իրենց հարցումներին տրված պատասխանները:
Ինչ վերաբերվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերին, դրանք 10-ն էին: «Հայաստան» համահայկական հիմնադրամն, ըստ էության, կցել է մեկ նյութ, որը հիմնադրամի կանոնադրությունն է՝ փոփոխություններով, մնացածի մասով հակիրճ որոշ պատասխաններ տվել է գրության մեջ, որոշների առումով էլ հղում տվել իրենց կայքէջին»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ հիշեցրեց, որ նախորդ նիստի ժամանակ հավանություն են տվել մի շարք գործողությունների, մասնավորապես՝ աշխատել Հաշվեքննիչ պալատի հետ, իսկ երկրորդ հարցումը ուղարկված էր ՊՎԾ-ին ՝ արդյոք այս ընթացքում իրականացվել է ուսումնասիրության առարկայի վերաբերյալ վերահսկողական ծառայության որեւէ գործողություն:
«Մենք ստացել ենք Ռոմանոս Պետրոսյանի պատասխանն այն մասին, որ ՊՎԾ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամում վերահսկողական գործողություններ չի իրականացրել: Հաշվեքննիչ պալատին եւս ուղարկվել է գրություն : Այս պահին չկա հստակ տեղեկատվություն, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն եւ ինչ ուղղություններով, մյուս գործողությունը, որ ձեռնարկել էինք, պարոն Թունյանին հանձնաժողովի անունից լիազորություն վերապահելն էր, որ աշխատի հիմնադրամի հետ՝ նվիրատվություն կատարած անձանց ցանկը հրապարակելու մասով»,-ասաց պատգամավորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ