«Դուք ձեր հայցադիմումի մեջ նշել եք, որ լրագրողը մուտք է գործել հանրային տարածք։ Խնդրում եմ հիմնավորեք, ինչո՞ւ եք այդպես բնորոշել։ Ի՞նչ գիտեք ՄԱՀՀԻ-ի մասին, նրա տարածքի եւ կարգավիճակի մասին։ Որտեղի՞ց եք որոշել, որ այն հանրային տարածք է»,- ըստ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստում հրապարակված ձայնագրության՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դիմելով լրագրող Թագուհի Ասլանյանի շահերի ներկայացուցչին՝ հարցադրումներ է արել ՀՀ հանրային խորհրդի նախկին նախագահ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Սաֆարյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել։ Դրան նախորդել էր այն փաստը, որ 2020թ․-ի դեկտեմբերին դատավոր Զարուհի Նախշքարյանի կայացրած դատական ակտի համաձայն՝ Ստյոպա Սաֆարյանը վիրավորական արտահայտությունների համար պետք է ներողություն խնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից եւ վճարի փոխհատուցում։ Սաֆարյանի դիրքորոշումն այն է, որ լրագրողին չի վիրավորվել։ 2019թ․-ին ՄԱՀՀԻ-ում միջադեպ էր եղել, երբ կազմակերպված քննարկումից առաջ Ստյոպա Սաֆարյանը նախապես հայտարարել էր, որ մի շարք ԶԼՄ-ների մուտքն արգելված է։
Դատավոր Զարուհի Նախշքարյանն արդեն երկու անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել․ երրորդի դեպքում կզրկվի դատավորի լիազորություններից։ Նա գտնում է, որ այս գործընթացը քաղաքական է եւ դրա հիմքում դատական իշխանության խնդիրները բարձրաձայնելու իր միտումն է։
Ստյոպա Սաֆարյանը շարունակել է․ «Հարցս անմիջական առնչություն ունի, որովհետեւ ամեն ոք չի կարող մուտք գործել այդ տարածք։ Անցանկալի անձանց մուտքը մո՞ւտք է, թե՞ ներխուժում։ Արարքին տրված որակումը վերաբերվում է արարքին։ Դա կարող է տեղի ունենալ մի պարագայում, եթե եղել է ոչ թե մուտք, այլ ներխուժում»։
Կարդացեք նաև
Թագուհի Ասլանյանի ներկայացուցիչը պատասխանել է․ «Հարցին չեմ պատասխանի, որովհետեւ գտնում եմ, որ չի առնչվում։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս է հնարավոր ներխուժել հանրային տարածք»։ Դատարանն այս հարցը հանել է։
«Կան տեսագրություններ՝ ներխուժում չի եղել, դուռը բաց է եղել։ Բոլոր լրագրողները ներս են մտել, այդ թվում՝ իմ վստահորդը։ Որեւէ ապօրինի քայլ չի եղել»,-պնդել է լրագրողի ներկայացուցիչը։
Ստյոպա Սաֆարյան-Ձեր վստահորդը ձեզ ասե՞լ է, թե նա երբ է ներխուժել տարածք։ Կոնկրետ ժամը կասե՞ք։
-Վստահորդիս՝ տվյալ տարածք մուտք գործելը կապված չի եղել լուսաբանման հետ։ Հարգելով ձեր կամքը, որ դուք չեք ցանկանում, որ որոշ ԶԼՄ-ներ ներկա լինեն, նա եկել է ավելի ուշ, որ ձեզանից ճշտի, թե ինչով է պայմանավորված խտրական վերաբերմունքը ԶԼՄ-ների հանդեպ»։
Ստյոպա Սաֆարյան-Ե՞րբ է ներխուժել։
Դատարանը հարցը հանել է։
Այնուհետեւ դատարանն անցել է ապացուցման բեռի բաշխմանը։ Հայցվոր կողմը պարտավորվում էր ապացուցել, որ հայցում նշված՝ «ես կարող եմ գալ լկտի ձեւով, ինչպես դուք եւ ներխուժել բնակարան», «ես չեմ կամենում, ինձ հրավեր մի ուղարկեք, ոչ սաունայի, ոչ ձեր տների։ Դուք իմ կինը չեք, որ ինձ որեւէ տեղ հրավիրեք» արտահայտություններն իրենցից ներկայացնում են վիրավորանք, եւ պատասխանողի դիտավորությունն ուղղված է եղել հայցվորի մասնագիտական, արժանապատվության, գործարար համբավի նսեմացմանը։
Իսկ պատասխանող կողմն, ըստ դատարանի, ուներ սահմանափակ ապացուցման պարտականություն, մասնավորապես՝ իր վկայակոչած փաստերի շրջանակներում պետք է ապացուցի, որ հնչեցված արտահայտությունները համարժեք են եղել ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ պետք է ապացուցի, որ «լկտի» արտահայտությունը ճշգրիտ գնահատական է եղել հայցվորի գործողությունների վերաբերյալ։ Պետք է նաեւ ապացուցեր, որ սաունաների եւ մյուս նմանօրինակ արտահայտությունները վիրավորական բնույթ չեն կրում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ