Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Հաջորդ երկու-երեք տասնամյակները կասկածի տակ կդնեն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»

Դեկտեմբեր 27,2021 17:01

«Հայաստան-Թուրքիա. Ի՞նչ է սպասվում» թեմայով Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տեսակամրջի ընթացքում ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նոյեմբերի ամսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա կրկնեց դեռեւս 2013 թվականին հնչեցրած իր այն խոսքը, թե 21-րդ դարը Թուրքիայի դարաշրջան է լինելու:

Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց, որ այդ մասին դեռ անցած դարի վերջին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալը եւ Էրդողանը, փաստացի, նույնությամբ կրկնել է նրա խոսքը:

Նախ, ինչո՞վ է հիմնավորվում այդպիսի հայտարարությունը. «Թուրքիան դարասկզբին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությամբ շոշափելի ցուցանիշների է հասել տնտեսությունում: Թուրքիան զինվում է, եւ ես հիմնվում եմ թուրք ղեկավարների պաշտոնական հայտարարությունների վրա: Մասնավորապես, այդ երկրի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարը վերջերս հայտարարել է , թե Թուրքիան 71 տոկոսով իրեն ապահովում է ռազմական տեխնոլոգիաներով, ինչը լուրջ երեւույթ է: Էրդողանի ղեկավարությամբ այդ կուսակցությունը նաեւ այլ հաջողություններ էլ է արձանագրել: Սակայն այս ամենով հանդերձ, ես ավելի քան թերահավատորեն եմ վերաբերվում Էրդողանի հայտարարությանը այն պատճառով, որ Թուրքիան 21-րդ դարի առաջին երկու տասնամյակում ցույց է տվել, որ չնայած տնտեսության մեջ որոշակի հաջողությունների հասել է, այնուամենայնիվ մնում է որպես մի երկիր, որը ոչ միայն աշխարհագրորեն, այլև, ընդհանուր առմամբ, զարգացվածության մակարդակով տեխնոլոգիապես առավել զարգացած երկրների առաջին կամ երկրորդ տասնյակում չէ: Դա զարգացած երկրներին հասնել փորձող երկիր է եւ այդ ճանապարհը նրա համար բավական երկար է լինելու:

Երկրորդ: Եթե Թուրքիային լուրջ դիտարկենք որպես բազմազգ պետություն, այդ երկիրը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Առաջինը քրդական հարցն է, ինչը Թուրքիայի համար էկզիստենցիալ հարց է: Քրդերի մեջ ընդհանուր ազգային նույնականացվածությունը բավական արագ է զարգանում: Ես մտածում եմ, որ առաջիկա երկու-երեք տասնամյակներին ազգային գաղափարների այնպիսի ժայթքման ականատեսը կդառնանք, քրդերի ազգային ազատագրական շարժման այնպիսի ուժեղացում կլինի, որ ըստ ամենայնի, Թուրքիայի համար անչափ դժվար է լինելու դրանից գլուխ հանել՝ պահպանել տարածքային ամբողջականությունը: Իմ կարծիքով, Թուրքիայի պետականությունը չի կարողանա արգելք հանդիսանալ, որովհետեւ Թուրքիան ազգային հարցերում միշտ գերադասում է ուժային լուծումները, որոնք շատ հաճախ հանգեցնում են Ցեղասպանության, ինչպես 1915-ին Հայոց ցեղասպանությունը, քուրդ բնակչության դեմ ցեղասպանական գործողությունները 1936-1937 թվականներին:

Այսինքն, թուրքական պետական մեքենան ուղիղ կբախվի ազգային ազատագրման համար քրդերի շարժմանը: Այդ իրավիճակից նաեւ այլ կայսրություններ իրենց շահերը կքաղեն: Թուրքիայի համար շատ դժվար է լինելու, եթե, իհարկե, այն գոյատեւի:

Երրորդ պահը: Արտաքին քաղաքականությունը չի նպաստում, որպեսզի Թուրքիան դառնա համաշխարհային ուժային կենտրոններից մեկը, ինչը երազում է Էրդողանը: Հակառակը. թուլացնում է: Թուրքիան մսխում է տնտեսական այն ներուժը, որ ձեռք է բերել 21-րդ դարի առաջին 15 տարում: Ըստ էության, Թուրքիայի արկածախնդրությունը, որ դրսեւորվում է իրեն շրջապատող ամենատարբեր տարածաշրջաններում, վարվող քաղաքականության հետեւանքները ծայրաստիճան բացասական են լինելու:

Այս վերլուծությունները ինձ բերում են այն եզրակացության, որ հաջորդ երկու-երեք տասնամյակները Թուրքիայի համար լուրջ փորձություն են լինելու, ինչը կասկածի տակ կդնի նրա տարածքային ամբողջականությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031